22/01/2018 09:30
Հույս ունեմ, որ Կարեն Կարապետյանը Դավոսին մասնակցելու համար հստակ ձևակերպված օրակարգ ունի. Թաթուլ Մանասերյան
Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովը մի հարթակ է, որտեղ գնում են ոչ թե ինչ-որ բան տեսնելու, այլ պետք է հստակ օրակարգ ունենալ Դավոսին մասնակցելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Այն շատ կարևոր հարթակ է, որտեղ, առանց լրագրողների, մարդիկ անկաշկանդ կարողանում են տարբեր երկրների իրենց գործընկերների հետ խորհրդակցել իրենց անելիքների մասին։ Մասնագիտական առումով, իհարկե, բավական օգտակար է այնտեղ ներկա գտնվել, եթե օրակարգ ունենք», - ասաց տնտեսագետը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, հունվարի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:
Թաթուլ Մանասերյանը ենթադրում է, որ, Դավոսին մասնակցելով, վարչապետ Կարեն Կարապետյանն ունի նման օրակարգ, որը թույլ կտա առավելագույնս օգտվել այդ միջավայրից.
«Դավոսում պարբերական հանդիպումները շատ օգտակար են։ Որպես օրինակ, պետք է նշել, որ Չինաստանի ներկայիս առաջընթացը, վերելքը և վերածումը համաշխարհային տնտեսության կենտրոնի, սկսել է հենց Դավոսից 70-ական թվականների վերջին, ինչի մասին քչերը գիտեն։ Այսինքն, դա կարող է օգնել այն երկրներին և անձանց, ովքեր ունեն հստակ նպատակներ»։
Հարցին, թե ի՞նչ ունի Հայաստանն այս անգամ ներկայացնելու Դավոսի ֆորումին կամ կա՞ հարց, որի մասին պետք է այնտեղ բարձրացնել, Թաթուլ Մանասերյանն պատասխանեց. «Ինձ համար այս պահին տեսանելի չէ դա։ Ավելին, Հայաստանը 2014-25 թվականների համար ռազմավարություն է ընդունել, որն ընդհանրապես չի օգտագործում, պետական բյուջեն դրա հետ ոչ մի առնչություն չունի։ Կառավարությունն, ըստ էության, երկու ծրագիր է ընդունել, երկուսն էլ չեն կատարվում կամ կիսատ-պռատ են կատարվում։ Հույս ունեմ, որ հանրապետության վարչապետն ունի հստակ ձևակերպված օրակարգ, խնդիրներ, որի շուրջ այնտեղ պատրաստվում է հանդիպումներ ունենալ, խորհրդակցել և այլն»։
Տնտեսագետն ասաց՝ անկեղծ խոստովանում է, որ այս պահին չի տեսնում կառավարության թիմային աշխատանք, ոչ ծրագրային գործողություններ, ոչ էլ՝ ռազմավարական ուղղություններ.
«Կան կետային, առանձին էպիզոդիկ քայլեր։ Իհարկե, չի կարելի դրանք չնկատել, կան նաև առաջխաղացման նշաններ, բայց դա բնավ չի խոսում այն մասին, որ մենք հետևողական ինչ-որ ծրագիր ենք իրականացնում»։
Ասվածի առավել ցայտուն արտահայտումն, ըստ Թ.Մանասերյանի, այն է, որ տապալվել է գիտության ոլորտը, տարբեր այլ ոլորտներում էլ լուրջ հետընթաց կա։
«Բայց ես լավատես եմ և ուզում եմ հուսալ, որ դա ժամանակավոր է և ի վերջո կգտնվեն լուծումներ»։
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է Դավոսում բարձրացվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք, օրինակ, հայ-իրանական երկաթգծի կամ ատոմակայանի կառուցումն է, Թաթուլ Մանասերյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ այս տեմպերով, այս թիմով և այս աշխատաոճով հնարավոր է երկաթգծի կամ ատոմակայանի հարց լուծել, բայց կարծում եմ, որ այդ խնդիրներն ընդհանրապես լուծելի են։ Եթե կա թիմ, ապա այն պետք է իրեն դրսևորի այնպիսի խնդիրների լուծման հարցում, ինչպիսին գնաճն է»։
Հիշեցնենք, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախատեսված են վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների և բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Կարեն Կարապետյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL):