22/01/2018 14:45
Սանահինի «Հայի տուն». Կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ հայկական ծեսերին ու ավանդույթներին. Լուսանկարներ
Լոռու մարզի Սանահին գյուղում տարին մի քանի անգամ հայկական ավանդական հարսանիք են անում, մի քանի անգամ տոնում Տյարնընդառաջը ու միշտ, աղ ու հացով սպասում հյուրերին:
Բոլոր այս տոնախմբությունները (իհարկե, չհաշված գյուղում իրական հարսանեկան արարողությունները -հեղ.) խաղարկային են ու տեղի են ունենում Սանահինի «Հայի տուն» կենտրոնում` սանահինցի երեխաների մասնակցությամբ:
«Հայի տուն» կենտրոնը գործում է 2017թ. մայիսից ու նպատակ ունի տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներին ներկայացնել հայկական ավանդական տան կենցաղը, տոները, ծեսերը:
Կենտրոնի ղեկավարը Նադյա Անտոնյանն է, ինչպես կատակելով ինքն է ներկայանում` «40 տարվա մանկավարժ»:
«Սանահինն ամուսնուս հայրական գյուղն է: Շատ էինք գալիս այստեղ ու տեսնում էի` նման կենտրոնի կարիքը կա», - պատմում է Նադյա Անտոնյանը:
Վերջինս Երևանում գործող Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի ղեկավարն է: Աշխատել է Կրթության և Սփյուռքի նախարարություններում, բայց մեկ տարի առաջ որոշում է կայացրել` մայրաքաղաքից պետք է գյուղ տեղափոխվել:
«Անցյալ տարի ինձ հրավիրեցին Սանահին գյուղի երեխաների ավարտական երեկոյին: Ես տեսա նրանց ելույթներն ու հիացա: Երեխաներին այս գյուղում զբաղմունք էր պետք, մտածեցի` որքան կարող եմ, պետք է ավանդական պարեր, ծեսեր սովորեցնեմ: Հասկացա, որ խավարի դեմ անընդհատ բողոքելուց բացի ավելի լավ է դու քո բաժին մոմը վառես: Երեխաները եկան այս տուն ու էլ չգնացին», - հիշում է Նադյա Անտոնյանը:
Այսօր Սանահինի «Հայի տուն» կենտրոնում սանահինցի երեխաները ոչ միայն ծանոթանում են հայկական տոնակատարություններին, ծեսերին ու հայկական տան կենցաղին, այլև դրանք ներկայանցում են Սանահին այցելող զբոսաշրջիկներին:
«Ես հավատավոր մարդ եմ», - ասում է Նադյա Անտոնյանը, - «Սակայն ճիշտ չեմ համարում զբոսաշրջիկներին ներկայանալ միայն եկեղեցական բաղադրիչով: Ե՛վ Սանահինի, և՛ Հաղպատի վանական համալիրները բացառիկ կառույցներ են, սակայն դրսի այցելողի համար միայն դրանք տեսնելը մոնոտոն է: Բացի այդ, զբոսաշրջային գործակալությունները հաճախ են ինձ ասում, որ Երևանից 4-5 ժամ ճանապարհ գալով մինչև Սանահին ու Հաղպատ, զբոսաշրջիկները բավականին հոգնում են ու «Հայի տուն» կենտրոնն այս դեպքում կարող է հանգստանալու, հայկական ավանդույթներին ոչ միայն ծանոթանալու, այլև՝ դրանց մասնակիցը դառնալու վայր դառնալ», - ասում է Նադյա Անտոնյանը:
Մասնակից դառնալու առումով, ի դեպ, կենտրոնի ղեկավարը չի կատակում: Եթե այցելուներին ներկայացվում է, օրինակ, հայկական ավանդական հարսանիքն, ապա հարսն ու փեսան էլ ընտրվում են հենց զբասաշրջիկներից, այնպես որ չզարմանաք, եթե Սանահինում հայկական կարգ ու կանոնով «ամուսնացող», օրինակ, գերմանացի զույգ տեսնեք:
«Օտարազգիների համար սա շատ հետաքրիքր է: Ես միշտ ասում եմ, որ մեր ազգի մեջ նայիրյան թախիծից բացի շատ ուժ ու եռանդ կա, որդան կարմիր կա, վառ գույներ կան: Ես ուզում եմ մենք այդ ուժով ու վառ գույներով ներկայանանք նաև», - ասում է Նադյա Անտոնյանը:
Այցելության ընթացքում Նադյա Անտոնյանն ու սանահինցի երեխաները ներկայացնում են ոչ միայն ավանդական տոնակատարությունների խաղարկային տարբերակներ, այլև՝ ազգային պարեր, ընդ որում դրանցում ևս ընդգրկելով, սովորեցնելով այցելուներին:
Սանահինի վանական համալիր
«Այցելուները հիացած են գնում: Հատկապես, որ Սանահին հասնելով՝ վայելում են ոչ միայն վանական համալիրը, այլև կարողանում են ինտերակտիվ այս միջոցառումներին մասնակցել», - ասում է Նադյա Անտոնյանը:
Նադյա Անտոնյանի ու նրա ամուսնու` Սոս Մարտիրոսյանի գյուղ գալով՝ Սանահինում շատ բան է փոխվել: Երեխաները կիսվում են, որ արդեն գիտեն ազատ ժամանակն ինչպես անցկացնել, որտեղ հավաքվել: «Հայի տանը» տարատեսակ երգեր ու պարեր են սովորել ու իրենք էլ մեծ հետաքրքրությամբ սպասում են հյուրերի:
Մարտիրոսյան-Անտոնյանների ընտանիքը Սանահինում ևս մեկ խնդիր է լուծել:
Մեկ դարից ավելի Սանահինը չուներ զանգեր: Ընտանիքի միջոցներով զանգեր են գնվել ու նվիրաբերվել վանական համալիրին:
Լրատվամիջոցների այցը Լոռու մարզ տեղի է ունեցել «Բացահայտիր երկիրդ» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի աջակցությամբ: