23/01/2018 12:34
Այնպիսի բացատրություն տվեք, որ հասկանանք՝ դուք մտադիր եք մեղմել այս վիճակը, այլ ոչ թե գալ, ասել՝ ամեն ինչ լավ է, Շվեյցարիայում ենք ապրում. Արամ Սարգսյան
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը ներկա էր խորհրդարանում գնաճի թեմայով լսումներին, զարմացավ. «Եթե ամեն ինչ լավ է, գնաճի ցուցանիշներով չենք զիջում հարևան Վրաստանին, Ադրբեջանին, ապա ինչո՞ւ ենք հավաքվել այստեղ քննարկում գնաճը»։
Նա իր խոսքում շարունակեց, որ եթե գնաճը այդքան սարսափելի չէ, ապա ինչո՞ւ են իշխանությունները մտահոգված ու լսումներ կազմակերպել։
«Եկեք ասենք ամեն ինչ լավ է, ժողովրդին էլ ասեք, որ որևէ խնդիր չկա», - դիմելով լսումների կազմակերպիչներին՝ ասաց Սարգսյանը։
Քաղաքական գործչին նաև հետաքրքրում էր, թե արդյոք գնաճը չի ազդում Հայաստանում գոյություն ունեցող 250 հազար աղքատ ընտանիքների վրա։
«Այնպիսի բացատրություն տվեք, որ մենք հասկանանք, որ դուք մտադիր եք մեղմել այս վիճակը, այլ ոչ թե գալ, ասել՝ ամեն ինչ լավ է, հիանալի է, Շվեյցարիայում ենք ապրում», - հայտարարեց Արամ Սարգսյանը։