23/01/2018 11:53
ԿԲ նախագահը մխիթարել է. հարևան երկրներում գնաճի ցուցանիշը ավելի բարձր է եղել, քան Հայաստանում (Տեսանյութ)
Հայաստանում տարեկան փաստացի գնաճը գրեթե համընկել է ԿԲ կանխատեսմանը և կազմել է 2.6 տոկոս, որը թույլատրելի միջակայքի ստորին սահմանի մոտ է, այսօր Ազգային ժողովում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Համեմատության համար պաշտոնյան մատնանշեց հարևան երկրներում գրանցված գնաճի ցուցանիշը՝ Վրաստանում 2017 թվականին արձանագրվել է 6.7 տոկոս գնաճ, Ադրբեջանում՝ 7.9 տոկոս, Ռուսաստանում՝ 2.5 տոկոս, Ուկրաինայում՝ 19.9 տոկոս, Իրանում՝ 10 տոկոս։
Անդրադառնալով գնաճի սպասումներին՝ Ջավադյանն ասաց, որ երկու տարի շարունակ գնաճային սպասումները նվազել են, ինչը կարևոր երևույթ է։
«Նվազել են տոկոսադրույքները, ֆինանսական հատվածը ապադոլարիզացվել է և դրամային ավանդների աճը կազմել է 33.5 տոկոս, իսկ արտարժույթային ավանդների աճը՝ 10.1 տոկոս», - ներկայացրեց Ջավադյանը։
ԿԲ նախագահը վստահեցրեց՝ դրամի նկատմամբ վստահությունը էապես բարձրացել է։
Նրա խոսքով՝ ներկայումս մաքսատուրքերի և ակցիզային դրույքաչափերի գների բարձրացմամբ պայմանավորված ավելացել են գնաճային սպասումները, որոնք «ուժգնանում են որոշ փորձագետների, գործիչների սպեկուլյատիվ շահարկումներով»։
«Մենք այդ սպասումները համարում ենք գերագնահատված։ Դա է նաև հիմնավորումներից մեկը, որ չնայած գնաճային սպասումների ավելացմանը՝ Կենտրոնական բանկը դեկտեմբերի վերջին ամփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը», - նշեց ԿԲ նախագահը։