23/01/2018 13:30
Կայուն տնտեսական աճի համար մեր երկրին պետք են մասնավոր հատվածի ներդրումներ. Վարդան Արամյան
Ընթացիկ տարում մենք պետք է տեսնենք՝ արդյոք կարողանում ենք ներդրումներ բերել. այնպես չէ, որ դրանք մեկ տարվա ընթացքում են տեղի ունենալու, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«Մեր երկրին պետք են ներդրումներ, ընդ որում, մասնավոր հատվածի ներդրումներ, որպեսզի տնտեսական աճը կայուն լինի: Մեզ անհրաժեշտ է առնվազն 5 տոկոսանոց տնտեսական աճ այդ հարցերը լուծելու համար», - նշեց նախարարը։
Արամյանի խոսքով՝ այս պահին ռեսուրսները չեն բավարարում նվազագույն աշխատավարձի բարձրացման համար, ինչը խնդիր է։
Նախարարը նաև նշեց, որ վիճարկելի է համարում հարցը, թե վերջին շրջանում նկատվող թանկացումները շղթայական նոր թանկացումների պատճառ կդառնան։
Հարցին, թե որ վարչապետի գործունեությունն է հանգեցրել երկրում նման ոչ կայուն տնտեսական վիճակի՝ նախարարը նշեց. «Թերություններ եղել են, բայց ես չեմ կարծում, որ որևէ վարչապետի մասով սխալ քաղաքականություն է վարվել: 2014 թվականից այս կողմ՝ մենք պարտադրված բախվել ենք բացասական իրավիճակների հետ»։