23/01/2018 14:07
Թանկացումների առումով գյուղատնտեսությունն ամենաթիրախավորված ոլորտն է. Իգնատի Առաքելյան
Թանկացումների առումով գյուղատնտեսությունը, երևի թե, ամենաթիրախավորված ոլորտն է, այս մասին Ազգային ժողովում առանձին ապրանքատեսակների գնաճի թեմայով լսումների ժամանակ ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Գյուղատնտեսությունը, երևի թե, ամենաթիրախավորված ոլորտն է, որովհետև թե՛ գյումթերքի էժանացումը, թե՛ գյուղմթերքի թանկացումն ազդում են սպառողների և արտադրողների վրա», - ասաց Գյուղնախարարը` շարունակելով.
«Մի կողմից գյուղացիները մեզ դիմում են ու ասում, որ գյուղմթերքը էժան է գնվում մթերողների կողմից: Ի՞նչ է պետք անել, որպեսզի գյուղացին կարողնա իր ծախսերը ծածկի, վարկերը մարի: Իհարկե, մի կողմից լավ է, որ սպառողն ունենում է վերջնական ցածր գնով արտադրանք, բայց մյուս կողմից գյուղացիական տնտեսությունը հնարավորութուն չունի զարգանալու և կարիք ունի սուբսիդավորման: Մյուս կողմից գալիս են հարցեր, որ գյուղմթերքը թանկացել է` կարտոֆիլը, միսը: Իհարկե, երբ որ թանկանում է, դա մեծ բեռ է սպառողների համար, բայց մեր գյուղացին նույնպես սպառող է և եթե թանկացումն արդարացված է, հնարավորություն է տալիս լրացուցիչ եկամուտ ստանալ, հետևաբար գյուղացիական տնտեսությունները շահագրգռված են լինում ներդրումներ անել, զարգացնել իրենց տնտեսություններն ու ավելացնել հողերի օգտագործելիությունը»:
Իգնատի Առաքելյանն անարդարացի որակեց այն հայտարարությունները, թե Կառավարությունը նախապես ոչինչ չի ձեռնարկել թանկացումները կանխելու ուղղությամբ.
«Այս իրավիճակում մենք, որպես Գյուղնախարարություն, պետք է սուբսիդավորենք, բարձրացնենք արդյունավետությունը, որպեսզի կարողանանք հնարավորինս չափով մեղմել գների բարձրացումը և ամբողջ անցյալ տարի Գյուղատնտեսության նախարարությունն աշխատել է այդ ուղղությամբ: Քննարկվել է, թե ինչ ծրագրեր մշակել, որոնք կբարձրացնեն արդյունավետությունն ու կմեղմեն գների բարձրացումը: Ասել, թե ոչ մի բան չի արվում և նախապես չի վերլուծվել Կառավարությունում սպասվելիք թանկացումներն վերաբերյալ` արդարացի չէ», - ասաց Իգնատի Առաքելյանը: