23/01/2018 12:19
Ազգերի Լիգա. Հայաստանի ազգային հավաքականի հնարավոր մրցակիցները
Վաղը՝ Երևանի ժամանակով 15:00-ին, Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունը:
Հիշեցնենք, որ Ազգերի լիգան ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող նոր մրցաշար է, որի ընթացքում եվրոպական հավաքականները բաժանվել են 4 դիվիզիոնների՝ ըստ իրենց վարկանիշների և յուրաքանչյուր դիվիզիոնի հաղթողը նվաճելու է Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանն ընդգրկվել է 4-րդ՝ D դիվիզոնում, ուր հանդես են գալու ընդհանուր առմամբ 16 երկրների հավաքականներ: Վիճակահանության համար այս 16 հավաքականները բաժանվել են 4 զամբյուղների: Վաղը կայանալիք վիճակահանության ընթացքում կազմավորվելու են Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4 խմբերը՝ 4-ական թիմերով (յուրաքանչյուր զամբյուղից՝ 1 թիմ): Ընդ որում նույն զամբյուղում գտնվող թիմերը չեն կարող ընդգրկվել նույն խմբում:
Հայաստանը ընդգրկվել է 2-րդ զամբյուղում՝ Լատվիայի, Ֆարերյան կղզիների և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ միասին: ՈւԵՖԱ-ի Գործկոմի որոշմամբ Հայաստանը և Ադրբեջանը այս փուլում չեն կարող հանդիպել իրար: Այսպիսով վաղը կայանալիք վիճակահանության ժամանակ Հայաստանի մրցակիցները կարող են լինել.
Զամբյուղ 1-ից՝ ՆՀՀ Մակեդոնիա, Բելառուս, Վրաստան
Զամբյուղ 3-ից՝ Ղազախստան, Մոլդովա, Լիխտենշտեյն, Մալթա
Զամբյուղ 4-ից՝ Անդորրա, Կոսովո, Սան Մարինո, Ջիբրալթար
Խաղացանկի համաձայն՝ Ազգերի լիգայի խմբային փուլի հանդիպումները կայանալու է 2018 թվականի սեպտեմբեր - նոյեմբեր ամիսներին:
Ազգերի լիգայի վիճականությունը ուղիղ եթերով հեռարձակվելու է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: