24/01/2018 12:21
Շիրակի մարզի դատարանների աշխատանքը պառալիզացված է. փաստաբանները գործադուլի մեջ են
Շիրակի մարզի շուրջ 30 փաստաբան այսօր որպես բողոքի ակցիա գործադուլ են հայտարարել և բազմաթիվ քրեական գործերով մարզային դատարանում նիստեր չեն կայացել։
Շիրակի մարզի փաստաբաններից Հայկ Հարությունյանը, ով այսօր չի ներկայացել իր վարույթում գտնվող երեք քրեական գործով նշանակված դատական նիստերի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք պահանջում են Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծից հանել փաստաբաններին վերաբերող դրույթը։
Փաստաբանական համայնքին անհնագստացնողը, հիշեցնենք, Դատական նոր օրենսգրքով անմիջապես դատավորի կողմից փաստաբանին պատժելն է՝ տուգանելով նրան 100 հազար դրամով: Նկատենք, որ այժմ դատավորը փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար դիմում է Փաստաբանների պալատի խորհրդրին, որը կարող է որոշել պատժել կամ չպատժել փաստաբանին: Նոր դատական օրենսգիրքը դատավորին հնարավորություն է տալիս նույնկերպ տուգանել նաև դատախազներին:
Փաստաբանները դժգոհում են՝ պնդելով, որ դատարանները անմիջական ներգործություն չպետք է ունենան փաստաբանների նկատմամբ, քանի որ դատավորը կարող է կողմնակալություն դրսևորել և բացի այդ, փաստաբանը կարող է կաշկանդվել իր վստահորդի շահերը դատարանում պաշտպանելիս: Օրինագիծը դեռ դեկտեմբերին խորհրդարանում առանց լուրջ քննարկման, առանց հարցուպատասխանի ընդունվել էր առաջին ընթերցմամբ և երկրորդ ընթերցումը սպասվում է առաջիկա նստաշրջանի ժամանակ:
«Սա մեր կողմից նախազգուշական ակցիա է, որ եթե օրինագգիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվի, մենք կդիմենք ավելի ծայրահեղ այլ քայլի», - ասաց փաստաբան Հարությունյանը։
«Ծայրահեղ քայլ» ասելով՝ փաստաբանն ասաց, թե նկատի ունի, որ այդ ժամանակ արդեն գործադուլը կլինի ոչ թե մեկ օր, այլ ավելի շատ ու այդ ակցիան կընդգրկի ամբողջ Հայաստանը։
Նրա խոսքով՝ այս գաղափարին միացել է 1300 փաստաբան, իսկ գործադուլն իրականացվում է մարզ առ մարզ. երկուշաբթի Լոռու մարզն էր դիմել գործադուլի, իսկ այսօր արդեն՝ Շիրակի մարզը։
«Ես կարծում եմ, որ մեր այս քայլով կարող ենք փոխել իրավիճակը», - ասաց Հարությունյանը։
Նշենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը մի քանի անգամ դիմել է Ազգային ժողով, ներկայացրել առաջարկներ՝ փաստաբաններին մտահոգող դրույթը հանելու համար, սակայն այդ առաջարկները չեն ընդունվել։
Ավելին, օրինագիծը խորհրդարան ներկայացրած Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Factor.am-ին այդ հարցի շուրջ տված հարցազրույցում ասել էր, որ որևէ հիմնավորում չկա փաստաբանների նկատմամբ հնարավոր տուգանքների մասին դրույթը փոփոխելու համար։