24/01/2018 17:05
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և նրա կամարտահայտությունը կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու. Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունվարի 24-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, ԵԺԿ խմբակցության անդամ Լարս Ադակտուսոնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Դատի գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկկողմ և բազմակողմ խորհրդարանական դիվանագիտությանն ու համագործակցությանը վերաբերող հարցերի: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ոչ թե արագ, այլ խելամիտ քայլերի արվեստով՝ նպատակ ունենալով խուսափել բաժանարար գծերից: Այս համատեքստում կարևորվել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի դերը՝ համադրված Ռուսաստանի հետ բարեկամական և ռազմավարական դաշնակցային հարաբերություններով:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ չնայած ազգային խորհրդարաններից յուրաքանչյուրն ունի քաղաքական օրակարգի կազմավորման իր առաջնահերթությունները, այնուամենայնիվ, հայկական կողմն ակնկալում է համաձայնագրի վավերացման գործընթացի խթանում, ինչում իրենց դերը կարող են ունենալ նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ արցախյան շարժումը, որի 30-ամյակը լրանում է այս տարի, ոչ մի կերպ չի կարող բնութագրվել որպես աշխարհաքաղաքական: Այս առնչությամբ նա հավելել է, որ հակամարտությունը բացառապես ազգային է՝ հիմնված Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքների իրացման ցանկության, Ադրբեջանի հետ արժեհամակարգային տարբերությունների և դրանց հաղթահարման անհնարինության վրա:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից ակնկալվում է առավել ակտիվ ներգրավվածություն հակամարտության կարգավորման գործընթացում՝ առանց խոչընդոտ դիտարկելու Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակի» առկայությունը: Այս համատեքեստում Արմեն Աշոտյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածության հարցը հակամարտության կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և նրա կամարտահայտությունը կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու:
Հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծապես կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերն ու ջանքերը՝ հարցի լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Կողմերը փաստել են, որ հակամարտությունը չի կարող լուծում ունենալ առանց Արցախի ժողովրդի:
Զրուցակիցները եվրոպական խորհրդարանական հարթակներում առավել սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնն իր այցի շրջանակում այցելելու է նաև Արցախ: