24/01/2018 13:03
Լուծումներ առաջարկելու փոխարեն կառավարությունը հիմնավորեց և արդարացրեց թանկացումները. Սերգեյ Բագրատյան
Թանկացումների վերաբերյալ լսումներ իրականացնելու՝ Ազգային ժողովի լավ նախաձեռնությանը կառավարությունը պատրաստ չէր, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը։
«Գուցե սպասելիքներն ավելի շատ էին, ես մտածում էի, որ որոշակի լուծումներ կունենանք, գնաճը մեղմելու վերաբերյալ կառավարությունն առաջարկներ կունենա», - ասաց Սերգեյ Բագրատյանը։
Ավելի շատ, ըստ նրա, լսումներում տեսանելի էր թանկացումները հիմնավորելու ուղղությամբ աշխատանքը, մինչդեռ սպասելիքներն այնպիսին էին, որ կոնկրետ տեսանելի ժամկետներով լուծումներ կլինենին։
«Այդ իմաստով, իհարկե, ամբողջովին բավարարված չենք, բայց որ լսումները շատ կարևոր ու անհրաժեշտ էին, դա փաստ է։ Այսինքն, այն, ինչ ԱԺ նախագահն էր ձեռնարկել, ճիշտ էր, լավ էր կազմակերպված, բայց որ կառավարությունը պատրաստ չէր լսումներին և առաջարկներ չուներ, դա ակնհայտ էր», - նշեց պատգամավորը։
Ըստ էության, Բագրատյանի խոսքով, թանկացումների վերաբերյալ լուծումներ առաջարկելու փոխարեն կառավարության կողմից հիմնավորում և արդարացում եղավ։
«Որոշակի իմաստով նույնիսկ արդարացնում էին թանկացումը՝ անհասկանալի բացատրությունով՝ իբրև թանկացման արդյունքում տնտեսության զարգացում կունենանք։ Դրա մեջ, իհարկե, կա ճշմարտության հատիկ, բայց հիմնավորումները տեղին չէին։ Թանկացումները որևէ բանով արդարացված չեն։ Հասկանալի է, որ բյուջեն լցնելու խնդիր ունեն, ակցիզային հարկը բարձրացնելու նպատակը հենց դա էր», - նկատեց Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը չի կարծում, որ ենթակառուցվածքներում ներդրումներ անելն այսօր ամենակարևոր հարցն է։
«Ընդունենք՝ որոշակի ճանապարհներ վերանորոգվեցին, կոյուղագծեր և այլ ենթակառուցվածքներ կառուցվեցին, դա այս պահին ի՞նչ պետք է տա սոցիալապես անապահով խմբերին։ Պետք է կարողանալ այնպիսի լուծումներ գտնել, որ եկամուտները հարուստ, ապահովված խավից տեղաշարժենք դեպի խոցելի խումբ։ Եթե կառավարությունը լսումներում նման մոտեցում ցուցաբերեր, ողջունելի կլիներ», - եզրափակեց խոսքը Ս. Բագրատյանը: