24/01/2018 15:53
ԼՂ հակամարտությունը պետք է լուծել հրադադարի պահպանմամբ ու ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելով. ժամանակը վաղուց հասունացել է. ՀՀ նախագահ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմն ու կատարել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, այս մասին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց հասունացել է: Դրա համար անհրաժեշտ է խստագույնս պահպանել հաստատված հրադադարի ռեժիմը և կատարել նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանգուցալուծումը պետք է լինի խաղաղ և հաղթահարի արդարության պակասուրդը: Ես այս հարցում նույնպես միշտ առաջին շարքերում եմ լինելու` որտեղ էլ որ գտնվեմ», - ասաց ՀՀ նախագահը:
Նա ընդգծեց` կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը` գտնելով փոխզիջումային հանգուցալուծում:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացն այս հակամարտության կարգավորման միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն է: Այս ձևաչափին բազմիցս իր աջակցությունն է հայտնել միջազգային հանրությունն, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը: Հայաստանի և Ադրբեջանի ստանձնած հանձնառությունը պահանջում է հակամարտող բոլոր կողմերի համատեղ ջանքերը, սակայն Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան: 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ուղեկցվեց խաղաղ բնակչության և ռազմագերիների դեմ միջազգային հումինատար իրավունքի աղաղակող խախտումներով: Դա ծանր հարված էր բանակցային գործընթացին, որն արթնացրեց Սումգայիթի ջարդերի մասին սոսկալի հուշերը», - ասաց Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով Եվրոպայի խորհրդին՝ ՀՀ նախագահը նշեց` «ցավոք, երբեմն ԵԽ վեհաժողովում էլ են տեղ գտել զարգացումներ, որոնք հաշվի չեն առել վերոնշյալ իրողությունները»:
«Դրանցով ջուր է լցվել նրանց ջրաղացին, ովքեր շահագրգռված չեն հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման մեջ: Վեհաժողովի բոլոր անդամներին կոչ եմ անում գիտակցել, թե ինչ բացասական հետևանքներ կարող են ունենալ անզգույշ կամ կողմնակալ ձևակերպումներն Արցախում առկա առանց այդ էլ փխրուն կայունության վրա: Պատերազմի մշտական վտանգի ներքո Արցախը շարունակում է ժողովրդավարություն կառուցել ու խրախուսել մարդու իրավունքների պաշտպանությունը: Այս բոլոր ձեռնարկներում Հայաստանը թև ու թիկունք է լինելու Արցախին, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի շահերը և իրավունքները, նպաստելու է Արցախի անվտանգության ամրապնդմանը», - ասաց ՀՀ նախագահը: