24/01/2018 11:40
Կա որոշակի մեկուսացում գործադիրի և տնտեսագիտական վերնախավի միջև. տնտեսագետները պետք է ինտեգրվեն և օգնեն կառավարությանը. Թաթուլ Մանասերյան
Խորհրդարանում երեկ անցկացվեցին «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցում էին ինչպես ԱԺ պատգամավորներ, այնպես էլ՝ պետական մարմիններ, տնտեսագետներ, հասարակական և այլ շահագրգիռ կազմակերպություններ: Քննարկումների արդյունավետության մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ:
- Պարոն Մանասերյան, որքանո՞վ եք արդյունավետ համարում երեկվա քննարկումները:
- Կարծում եմ, որ նման լսումները մշտապես օգտակար են, ինչպես օրենսդիրների համար, այնպես էլ՝ գործադիր մարմնի ներկայացուցիչների և հանրության: Վերջինիս մասնակցությունը ժողովրդավարության արտացոլում է, բայց շատ կարևոր է, թե որքանով քաղաքացիական հասարակության մասնագիտացված հատվածի կարծիքները հաշվի կառնվեն ու ինչքանով դրանք հետագա ծրագրերում կօգտագործվեն: Դրանք հարուստ սնունդ կարող են լինել հանրության համար:
- Երեկ հնչեցին մի շարք առաջարկություններ, քննարկումներում տեսա՞ք կամք, որը թույլ կտա պնդել՝ դրանցից որոշները հաշվի կառնվեն:
- Ես երեկվա իմ ելույթում էլ ասացի, որ ցանկալի է, որ կառավարության կողմից տարիներով կարծրացած ավանդույթը փոխվի, որովհետև մինչ օրս փորձագիտական միտքը մեծ մասամբ պահանջարկված չի եղել: Կա որոշակի մեկուսացում գործադիրի և տնտեսագիտական վերնախավի միջև, մինչդեռ կարծում եմ, որ տնտեսագետները պետք է ինտեգրվեն և օգնեն կառավարությանը գիտականորեն հիմնավորված որոշումներ կայացնել: Այս առումով անելիքներ կան և անհրաժեշտ է, որ գործադիրի ներկայացուցիչներն առաջարկներ լսելիս չմտածեն, թե դրան ինչ պետք է պատասխանեն կամ արդարացումներ գտնեն, այլ մտածեն, թե արդյոք հնչած հարյուր առաջարկներից մեկն ընդունելի է, թե ոչ: Եթե հարցին մոտենան այն գիտակցմամբ, որ ամեն ինչ արվում է երկրի տնտեսությունն առաջ տանելու համար, համագործակցությունը կկայանա, ինչից կշահեն բոլորը:
- Այդ մոտեցումը գոնե մասամբ տեսա՞ք:
- Երեկվա եղած ելույթներից ես կարևորում եմ հատկապես ֆինանսական բլոկի ներկայացուցիչների ելույթները՝ ԿԲ նախագահի ելույթը, որը բավական լուրջ ու հիմնավոր ներկայացրեց դրամավարկային քաղաքականությունը, որով ԿԲ-ն փորձում է գների կայունությունն ապահովել:
Ֆինանսական համակարգի ֆիսկալ քաղաքականության մասով էլ պետք է առաձնացնել ֆինանսների նախարարի ելույթը և երկու բանախոսների համագործակցության ու առաջարկները հաշվի առնելու պատրաստակամությունը: Մյուս դեպքերում ես առանձնապես մեծ պատրաստակամություն չտեսա, որովհետև ժամանակին եղել են շատ առաջարկներ, այդ թվում՝ տնտեսագետների խմբերի կողմից կառավարության տարբեր օղակներին, բայց այն նույն կարծրատիպն է աշխատում՝ «եկեք պատասխանենք, որ այդ առաջարկը մեզ պետք չէ, որովհետև...», իսկ որովհետևից հետո միշտ կարելի է ինչ որ բան շարել, եթե ուզում ենք համագործակցություն, այն կարող է տեղի ունենալ: