26/01/2018 18:45
Հյուսիսից ժամանած հարսնացու Մարիա Կուրսովան՝ չեմպիոնուհու տիտղոսի և հայաստանյան ապրելակերպի մասին
2011 թվականին ամուսնանալով գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ՝ կանանց համանման շախմատային տիտղոս ունեցող Մարիա Կուրսովան փոխեց նաև մարզական քաղաքացիությունը և սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Այդ ընթացքում Ռուսաստանի պատանեկան տարբեր տարիքային խմբերի չեմպիոնուհին հասցրեց 2 անգամ դառնալ նաև Հայաստանի մեծահասակների առաջնության հաղթող: Վերջերս Մարիան կրկնեց 2012 թվականի հաջողությունը՝ վերահաստատելով իր տեղը մեր երկրի կանանց ազգային ընտրանիում:
Aysor.am-ի հետ զրույցում շախմատիստուհին խոստովանեց, թե ինչի՞ց մղված մասնակցեց Հայաստանի հերթական առաջնությանը, ինչպե՞ս է ընտելացել նոր միջավայրին և սովորույթներին ու ինչո՞ւ իրեն չի համարում հարսնացու հյուսիսից:
- Մարիա, վերջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցել եք 6 տարի առաջ՝ կրկին գրավելով առաջին տեղը: Այս անգամ պատրաստվելն առավե՞լ դյուրին էր, թե՞ հակառակը:
- Այո՛, մասնակցել էի 6 տարի առաջ, սակայն հիմա փոխվել է հավաքականում ընդգրկվելու կարգը, ուստի առաջնությանը նորից մասնակցելու անհրաժեշտություն առաջացավ: Իհարկե, նախկինի համեմատ այս անգամ մի փոքր դժվար էր պատրաստվելը, քանի որ արդեն 2 երեխա ունեմ, ովքեր ամենօրյա խնամք և ուշադրություն են պահանջում: Այս ընթացքում շատ օգնեց ամուսնուս մայրը: Երեկոյան՝ երեխաներին քնեցնելուց հետո, անցնում էի շախմատային պարապմունքներին:
- Հավանաբար, «պարծենում» եք, որ դուք դարձաք չեմպիոնուհի, իսկ Ձեր ամուսինը՝ Արման Փաշիկյանը, 3-րդ տեղը գրավեց տղամարդկանց պայքարում:
- Խնդիրն այն է, որ պարծենալու առանձնակի առիթ չունեցա, քանզի, թեպետ չեմպիոնուհի դարձա, բայց նա ավելի շատ պարգևավճար ստացավ, քան ես (ծիծաղում է՝ հեղ): Իրականում, ամուսինս, բնականաբար, շատ ուրախ է, որ հաղթեցի Հայաստանի առաջնությունում: Նա նույնիսկ ինձ օգնում էր հանդիպումներին պատրաստվելու հարցում, խորհուրդ էր տալիս, թե հատկապես ինչին ուշադրություն դարձնեմ:
- Ի դեպ, որո՞նք են շախմատում Ձեր ուժեղ և թույլ կողմերը:
- Իհարկե, հատկապես ուժեղ եմ դիրքային խաղում, որն առանձնակի է հրապուրում ինձ: Սակայն, երբեմն, գերադասում եմ նաև հարձակողական շախմատը:
- Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումներում, կարծես, ոչ միշտ եք ընդգրկվում Հայաստանի ընտրանու կազմում: Սկզբունքորեն դե՞մ եք նախկին թիմակիցների հետ մրցելուն:
- Չէի ասի. որպես կանոն, մասնակցում եմ այդ խաղերին և անգամ, հաճախ, պարտվում եմ: Իհարկե, դա միտումնավոր չի ստացվում: Այս 7 տարիներին Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումներին միայն երկու անգամ չեմ մասնակցել: Դա ինձ համար ամենևին էլ սկզբունքային հարց չէ: Ամեն ինչ կախված է մրցակցի հարմար լինելու հանգամանքից: Ամեն դեպքում, շարունակում եմ լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հավաքականի շախմատիստուհիների հետ:
- Արդեն մի քանի տարի է՝ ապրում եք Հայաստանում: Ձեզ հե՞շտ էր ընտելանալ հայկական միջավայրին:
- Այո՛, առանձնակի խնդիրներ չծագեցին: Միայն թե ոչ մի կերպ չեմ ընտելանում ամառային տապին, որը բավականին երկար է տևում: Ինձ թվում է, երբեք չեմ կարողանալու սովորել այդ շոգին, ամառն ինձ համար ամենածանր ժամանակաշրջանն է:
- Իսկ հայկական խոհանոցին արդեն տիրապետո՞ւմ եք:
- Զուտ հայկական կերակրատեսակները պատրաստում է Արմանի մայրը: Իմ աջակցությունը սահմանափակվում է օգնությամբ. օրինակ՝ տոլման փաթաթելով (ժպտում է՝ հեղ.):
- Հետաքրքիր է, ո՞ր լեզուն է գերակշռում Ձեր ընտանեկան շփումներում:
- Հիմնականում՝ ռուսերենը: Հայերեն, իհարկե, մի փոքր հասկանում եմ, բայց շփվել՝ դժվարանում եմ: Արդեն 7 տարի է՝ նախատեսում եմ հայերեն սովորել, բայց ոչ մի կերպ չի ստացվում: Մի փոքր սովորել եմ 2011 թվականին, երբ նոր էի տեղափոխվել Հայաստան: Առհասարակ, Ձեր լեզուն բարդ լեզու է, այդ պատճառով էլ, թեև ինչ-որ բաներ կարողանում եմ խոսել, հասկացնել, սակայն Հայաստանում գրեթե բոլորը խոսում են ռուսերեն և լեզվի հետ կապված խնդիր չի ծագում:
- Մարիա, հայկական ավանդույթներից հատկապես ո՞րն էր անսովոր Ձեզ համար:
- Դժվարանում եմ ասել, բայց, անկեղծ ասած, զարմանալի է, որ Նոր տարուն բոլորը մի քանի անգամ միմյանց հյուր են գնում: Ռուսաստանում նույնպես մարդիկ գնում են շնորհավորելու միմյանց Ամանորը, բայց ոչ այդ մասշտաբով: Եվ հետո, այնտեղ նախապատրստությունն անհամեմատ հանգիստ է անցնում, քանզի ոչ-ոք այդքան ուտեստ չի պատրաստում: Եթե այնտեղ Ամանորին բոլորն են հանգստանում, ապա այստեղ տղամարդիկ հանգստանում են, իսկ կանայք աշխատում (ժպտում է՝ հեղ.):
- Իսկ փորձե՞լ եք ռուսական որևէ ավանդույթ ներառել Ձեր ընտանիքում:
- Գիտեք, չէի ասի, թե Ռուսաստանում առանձնակի ավանդույթներ կան: Դրանք գուցե ավելի շատ բնորոշ են Հայաստանին: Միայն կասեմ, որ Արմանը սկսել է շատ ավելի լավ խոսել ռուսերեն (ժպտում է՝ հեղ.):
- Ճամփորդե՞լ եք Հայաստանով և արդեն ունե՞ք սիրած տեսարժան վայրեր:
- Ամուսնուս հետ եղել ենք Դիլիջանում, Ծաղկաձորում, Ջերմուկում, որոնց բնությամբ հիացած եմ: (Մտածում է՝ հեղ.) դժվարանում եմ առանձնացնել. Ջերմուկն, իհարկե, շատ դուր եկավ: Անշուշտ, նման չէ իմ հայրենի Սևերոդվինսկին, որտեղ լեռներ չկան: Այն գտնվում է Սպիտակ ծովի ափին: Այնտեղ կլիման բոլորովին այլ է:
- Այսինքն՝ դասական հարսնացու եք Հյուսիսի՞ց:
- (Ծիծաղում է՝ հեղ.) բնականաբար, դիտել եմ խորհրդային այդ բարի կինոնկարը: Շատերն են փորձում ինձ նմանեցնել գլխավոր հերոսուհուն, սակայն չէի ասի, թե ուժեղ ասոցիացիաներ է առաջացնում:
- Մարիա, մի փոքր էլ անդրադարձ կատարենք այլ մարզաձևերրին. հետևո՞ւմ էիք Հենրիկ Մխիթարյանի շուրջ իրարանցմանը:
- Գիտեմ, որ այդպիսի լավ ֆուտբոլիստ կա Հայաստանում, բայց նրա խաղին հատուկ չեմ հետևել: Ճիշտ է, եթե առիթ ընձեռվում է, ֆուտբոլ հաճույքով դիտում եմ…
- Ինքներդ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
- Հստակ է, որ մասնակցելու եմ ապրիլին կայանալիք Եվրոպայի անհատական առաջնությանը: Հավանաբար, ևս մեկ մրցման կմասնակցեմ ամռանը, իսկ աշնանը պատրաստվելու ենք Համաշխարհային օլիմպիադային: Չի բացառվում, որ մասնակցեմ նաև Բաթումում անցկացվելիք արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը, նաև՝ տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը: Նախընտրում եմ պատրաստվել տանը՝ հանգիստ մթնոլորտում, սակայն խաղային փորձը նույնպես կարևոր է: