26/01/2018 10:39
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության աշխատանքի արդյունքում ադրբեջանցի պատգամավորի զեկույցից հանվել են հակահայկական բոլոր ձևակերպումները. Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ-ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, որի տեքստից հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները:
«ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը:
Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների:
Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն:
Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան», - Facebook-յան իր էջում գրել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը։