26/01/2018 12:00
ԵԱՀԿ առաքելությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում համալրվելու է լրացուցիչ յոթ դիտորդով
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են պարզել կողմերի դիրքորոշումը՝ Երևանում և Բաքվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փետրվարի սկզբերին կայանալիք հանդիպման ժամանակ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը:
«Համանախագահների արտահայտած պատկերացումները ուղղված են նրան, որպեսզի օգնել ընդունելի լուծումներ գտնել: Հուսով ենք հստակեցնել կողմերի դիրքորոշումները փետրվարի առաջին տասնօրյակում տարածաշրջան մեր «եռյակի» այցի շրջանակում, որի ժամանակ հանդիպումներ կլինեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ», - մեջբերում է APA գործակալությունը Ի.Պոպովի խոսքերը, փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով, հունվարի 18-ին Կրակովում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել են հարցեր՝ կապված պատերազմական ռիսկերի նվազեցման, այդ թվում` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ:
«Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների կողմից պատրաստված փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդների գործունեությունը: Մնացել են որոշ տեխնիկական մանրուքներ, որոնք մինչ ընդլայնման մեխանիզմի ներդրումը պետք է շտկվեն», - նշել է ռուս համանախագահը: