26/01/2018 12:20
Կարծում եմ՝ Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն խնդիրներ են ունեցել. Լավ է, որ նա թողեց «Մանչեսթեր Յունայթեդը». Արթուր Պետրոսյան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտնել է, թե ուրախ է, որ Հենրիխ Մխիթարյանը հեռացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»։
«Ես կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանն ու Ժոզե Մոուրինյոն խնդիրներ են ունեցել», - The Sun-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։
Արթուր Պետրոսյանը հույս է հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակն «Արսենալում» բոլորովին այլ կլինի։
««Արսենալում» ամեն ինչ այլ կլինի ու իրավիճակը կփոխվի․ պաշտպանական քայլեր կատարելու տեսնակյունից Մխիթարյանի վրա այդքան ճնշում չի գործադրվի», - նշել է Ա, Պետրոսյանը։
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչն ասել է, որ իրեն շատ է զայրացրել, երբ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանին խաղաժամանակ չի տրամադրել։
«Լավ է, որ նա թողեց «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մոուրինյոյի՝ Մխիթարյանին խաղաժամանակ չտալն ինձ չէր գոհացնում։ Ինձ տխրեցնում էր, որ նա չի մասնակցում վերջին հանդիպումներին, բայց դա Մոուրինյոյի թիմն է, նա գիտի, թե ինչ է ուզում»,-ասել է Արթուր Պետրոսյանը՝ ընդգծելով, թե շատ ուրախ է, որ Մխիթարյանը հեռացավ «կարմիր սատանաների» կազմից։
«Նրա խաղաոճն ավելի շատ համապատասխանում է«Արսենալին», - ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը։