27/01/2018 11:36
Հայոց բանակը կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում. բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար. Բակո Սահակյանն ուղերձ է հղել ՀՀ նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:
«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:
Հայոց փառապանծ բանակը ծնվել ու կոփվել է ազատության ու անկախության համար մղված անհավասար պայքարում, մեր քաջ տղաների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կերտել է նվիրական հաղթանակներ և փոխել պատմության ընթացքը:
Այսօր էլ հայ զինվորը անսասան կանգնած է հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ շարունակելով հերոս պապերի ու հայրերի մարտական ավանդույթները և գործելով նոր սխրանքներ:
Բանակը թանկ է յուրաքանչյուր հայի համար:
Հարգարժա՛ ն Սերժ Ազատի,
Այս տոնական օրը մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին և մաղթում խաղաղություն, բարօրություն, նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ»,-ասված է Արցախի Հանրապետության նախագահի ուղերձում։