27/01/2018 16:44
Հղիության ընթացքում մայրը երազ է տեսել ու նրան Սարգիս է կոչել. Սարգիս Գրիգորյանը՝ օրվա խորհրդի, համտեսած աղի բլիթի ու ընտանքի մասին
Այսօր Սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնն է, մեկտեղ՝ բոլոր Սարգիս անունը և Սարգսյան ազգանունը կրողների տոնը: Եթե ոմանք Սարգիս են անվանակոչվել պապիկների պատվին, կամ էլ՝ ծնողների նախասիրությամբ, ապա դերասան Սարգիս Գրիգորյանն իր անվանն արժանացել է հենց Սիրո բարեխոսի «հուշմամբ»:
Ի սկզբանե որոշված է եղել՝ նորածին որդու անունը պետք է Վլադիմիր լինի, սակայն հղիության ընթացքում մայրը երազ է տեսել՝ փոքրիկին պետք է տալ Սարգիս անունը: Դժվարությամբ, բայց հայրը համաձայնվել է:
«Քանի որ արմատներով Արցախից եմ՝ Մարտունու շրջանի Ճարտար գյուղից, հայրս որոշել էր անունս Վլադիմիր դնել: Ղարաբաղցիների մոտ «իկ»-երով անուններն ընդունված են, 80 տոկոսի անուններն «իկ»-ով են ավարտվում ՝ Սլավիկ, Հրաչիկ, Վլադիկ, Յուրիկ, Սուրիկ… Մեր ցեղում ես միակ Սարգիսն եմ», - Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց Սարգիս Գրիգորյանը:
Սարգիսը ծնունդով Երևանից է, բայց նկատում է՝ հորեղբայրները «կուռ. ղարաբաղցիներ են ու այդ շունչն իրենց ընտանիքում միշտ է զգացվել, մթնոլորտն էր այդպիսին: Տարեկան գոնե երկու անգամ էլ պարտադիր Արցախ են այցելել:
Անդրադառնալով տոնի խորհրդին ու բարեխոսի առաքելությանն ու հովանավորությանն իր կյանքում՝ դերասանն ընդգծեց՝ այս օրն իր համար ուղղակի ևս մեկ հիշեցում է, որ տարվա մնացած օրերն էլ պետք է սիրո մեջ ապրել, սիրել ոչ միայն կողակցին, այլև՝ շրջապատում գտնվող ամենքին ու ամեն ինչ, սիրել կյանքը՝ իր բոլոր դժվարություններով ու երջանիկ պահերով հանդերձ:
«Իմ ընտանիքի օրինակով փորձում եմ ցույց տալ, որ սերը կարևոր է: Թող մեծամտություն չլինի, բայց ամեն ինչ անում եմ, որ իմ ընտանիքը մարդկանց համար օրինակելի լինի», - ասաց նա:
Թե ինչպե՞ս է անցկացնում Սիրո տոնն ու ի՞նչ անակնկալներ է մատուցում սիրելի կնոջը, խոստովանեց.
«Ժամանակին նման ռոմանտիկ բաներ ունեի, երևի տարիքից կամ զբաղվածությունից է, բայց հիմա նման բաներին մեծ ուշադրություն չեմ դարձնում: Միմյանց առավոտյան շնորհավորում ու մեր գործերով ենք գնում, եթե երեկոյան ժամանակ ենք ունենում, զրուցում ենք, վերհիշում, բայց՝ ներկայով ու ապագայով ենք ապրում: Գիտեք, ոչ թե տոներից եմ փորձում խուսափել, այլ ուղղակի աշխատում եմ մեկ օրվա փոխարեն արժևորել ու սիրո մեջ անցկացնել տարվա բոլոր օրերը: Չեմ սպասում, որ գա Սուրբ Սարգսի օրը, որ ես իմ կնոջը սեր խոստովանեմ կամ նվեր գնեմ: Օրինակ, ներկա պահին նկարահանման եմ, այսօր նաև ընկերոջս ծննդյան օրն է: Եթե շուտ ազատվեմ, իր ծննդյան օրվա հետ միասին, հավանաբար, ընկերներով ու մեր սիրուն ընտանիքներով կնշենք նաև Սիրո տոնը: Ի վերջո, սա առիթ է, որ ևս մեկ անգամ կենաց բարձրացնենք նորին մեծություն Սիրո և Բարեխոսի համար»:
Սուրբ Սարգսի ավանդույթների մեջ է մտնում չամուսնացած տղաների և աղջիկների՝ ավետաբեր աղի բլիթի համտեսումը, որից հետո, ասում են, շատ-շատերն իրենց երազներում տեսնում են ջուր հասցնող իրենց երկրորդ կեսերին: Դերասանն այդ «հուշարար» ավանդույթից միայն մեկ անգամ է օգտվել, այն էլ, ինչպես ինքն է ծիծաղելով ասում, ամբողջ գիշեր «տառապել» է.
«Սկսած 16-17 տարեկանից՝ իմ կողքին միշտ էլ կանայք են եղել, ընկերուհիներ եմ ունեցել ու երբեք, ոչ մի վայրկյան ինձ միայնակ չեմ զգացել, որպեսզի «աղի բլիթ» ուտեմ ու երազումս տեսնեմ Հասմիկին, Անուշին կամ՝ հարևանի աղջկան: Հատկապես, որ տվյալ պահին իմ կյանքում հայտնված բոլոր աղջիկներին էլ անկեղծ սիրել եմ ու մտածել, որ հենց նա է լինելու իմ կինը»:
Նկատառմանը, թե ինչպե՞ս եղավ, որ այդքան աղջիկների միջից ընտրեց հենց Մանոյին, նշեց.
«Մանոն տարբերվեց նրանով, որ մեր սերը ծնվեց ընկերությունից: Միասին սովորում էինք Արմեն Էլբակյանի կուրսում, ու մտերիմ ընկերներ էինք դարձել: Իմ ամուսնությունից հետո էլ նա շարունակում էր իմ ընկերը մնալ, միմյանց օգնում էինք երջանիկ լինելու, նա՝ իմ, ես էլ՝ նրա խորհուրդների կարիքն եմ զգացել կյանքի տարբեր փուլերում: Մի քիչ ուշ, բայց արդյունքում հասկացանք, որ մենք միայն միմյանց հետ կարող ենք երջանիկ լինել, իրար հասկանում ենք: Ու երբ որոշեցինք զուտ ընկերական հարաբերություններին նաև զգացմունք ներարկել, դա արդեն հասուն ընկերություն դարձավ, ինչն ընտանիք կազմելու ամենաճիշտ հիմքն է: Սերը կարևոր է, պետք է լինի, բայց առաջին հերթին զույգերը պետք է շեշտը դնեն ընկերության վրա: Իզուր չի ասվում՝ կյանքի ընկեր. մարդ, ում հետ պատրաստվում ես քայլել մինչև կյանքի վերջ: Հավատացեք, սերը գնում, տարբեր անոմալիաների է վերածվում: Նրանից մի-մի կտոր կտրում ու տանում են կենցաղը, տարիքը, երեխաները , տարբեր դժբախտություններն ու դժվարությունները, գայթակղությունները, բայց այ ընկերությունը ոչ ոք ու ոչինչ չի կարող մասնատել: Հենց այդ ամուր ընկերությունը մեզ կապեց, միմյանց այնքան լավ ենք ճանաչում, որ չեմ կարող իրեն անգամ անմեղ հարցերում խաբել: Ամեն ինչ գիտի իմ մասին, ես էլ՝ իր»:
Դերասանը չի հերքում ու խոստովանում է՝ գայթակղություններ միշտ էլ եղել են ու կան, բայց դրանք սիրո չեն վերածվում: Պարզապես, ինչպես յուրաքանչյուր նորմալ ու առողջ տղամարդ, գնահատում է գեղեցիկը՝ սահմանափակվելով գնահատելով:
«Հո հիվանդ չե՞մ. բնական է, սիրուն աղջիկ եմ տեսնում, գայթակղվում եմ, այդ գեղեցկությանը մի պահ սիրահարվում, ոչ թե սիրում եմ, հիանում եմ, հայացք գցում: Մարդ եմ, ժողովո՛ւրդ: Բայց դա բոլորովին կապ չունի այն սիրո ու նվիրվածության հետ, որը Մանոյի նկատմամբ եմ զգում: Մեր կապն այնքան ամուր է, որ նույնիսկ Միսս տիեզերքի՝ իմ կյանքում հայտնվելն էլ (չգիտեմ էլ, թե ով է) չի կարող իմ ու կնոջս կյանքում ինչ-որ բան փոխել», - հավատացնում է մեր զուցակիցը:
Զրույցի վերջում Սարգիս Գրիգորյանը ևս մեկ անգամ հրապարակային սեր խոստովանեց սիրելի կնոջը:
«Ամեն տարիքում խոստովանությունս փոխում է բովանդակությունը, բայց ոչ որակը: Չեմ ցանկանա կրկնվել, այդ պատճառով նրան միայն մեկ բան կասեմ, որի մեջ ամեն ինչ կա՝ շնորհակալություն: Իսկ թե ինչի՞ համար, որ ինքը իմ կողքին է, ինձ սիրում ու հանդուրժում է, գեղեցիկ երեխաներ է ինձ պարգևել, որ ինքն ուժեղ, բայց իսկական կին է: Թող միշտ առողջ և ուժեղ լինի, կողքիս լինի», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց դերասանը: