29/01/2018 18:18
Ավելորդ չէր լինի Ալիևին հնարավորություն տալ մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը. Նալբանդյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ թե այդ երկրի համար չսպիացող վերք է դարձել 1918 թվականին Ադրբեջանի իշխանությունների արածը՝ Երևանը Հայաստանին հանձնելը։
«Առաջին անգամը չէ, որ Բաքվից այդպիսի հայտարարություններ են անում: Դա մոտավորապես այն շարքից է, որ ասում են Արցախն էլ պատմական Ադրբեջանի տարածք է։ Կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին հնարավորություն տալ մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնակատարությանը, միգուցե նա տեղում պատմությանն ավելի մոտիկից կծանոթանար», - ասաց արտգործնախարարը։
Նալբանդյանը հիշեցրեց, որ այս տարի նշվում է Հայաստանի առաջին Հանրապետության հոբելյանը և մայիսյան հաղթանակների 100-ամյակը:
«Այն հաղթանակների, երբ մեր զինվորի քաջությամբ, ժողովրդի զոհողությամբ կարողացանք պաշտպանել Երևանը, կարողացանք պաշտպանել նաև մեր ազատ, անկախ ապրելու իրավունքը: Իսկ ի՞նչ են նշելու այս տարի Բաքվում։ Նշելու են Թուրքիայի կողմից ստեղծված Կովկասյան բանակի կողմից Բաքվի և այլ քաղաքների գրավումը։ Սա է պատմական իրողությունը: 80-ական թվականների սկզբներին ներկա նախագահի հայրը Հայաստանում այցելել էր Սարդարապատի համալիր, նույնիսկ լուսանկարները կան: Կարծում եմ, որ մի օր հնարավոր կլինի, որ ներկա նախագահը այնտեղ լինի», - ավելացրեց Էդվարդ Նալբանդյանը: