29/01/2018 16:23
Երևանում Նժդեհի արձանի քանդման պահանջով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքն, ըստ Շարմազանովի, ունի ադրբեջանական հետք
Երևանում Գարեգին Նժդեհի արձանի առկայությունը ռուսների գործը չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Ռուսաստանում սկսված ստորագրահավաքին, որով պահանջվում է հանել Երևանում Նժդեհի արձանը։
«Նժդեհը Հայաստանի ու հայ ժողովդրի ազգային հերոսն է և Նժդեհի արձանի տեղադրումը բացարձակապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնիշխան որոշումն է ու ինչպես բարեկամ ռուս ժողովրդի համար Պետրոս Առաջինն էր ազգային հերոս, այնպես էլ մեր համար Գարեգին Նժդեհն է մեր ազգային հերոսը։ Կարծում եմ, որ սա իրենց գործը չէ, իսկ եթե իրենք փորձում են Նժդեհին կապել ֆաշիստների հետ, մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ֆաշիստների հետ եթե որևէ մեկը համագործակցել է, ապա 1933-1941 թվականին ողջ Խորհրդային Միության ղեկավարությունը Մոլոտովի, Ստալինի գլխավորությամբ համագործակցության ու բարեկամության պայմանագիր ուներ Ֆաշիստական Գերմանիայի հետ՝ Ադոլֆ Հիտելի գլխավորությամբ», - ասաց Էդուարդ Շարմազանովը։
Ազգային ժողովի փոխնախագահը նշեց, որ Հայաստանը կարևորում է Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը։
«Իսկ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Գարեգին Նժդեհի արձանը Հայաստանի ներքին գործն է, սա հավասարակշռված տեսակետ է, այլ ոչ թե Ռուսաստանում այս կամ այն մարգինալ շրջանակների լոբբիստական գործողություները, որը ես չեմ բացառում, որ ունի նաև ադրբեջանական հետք», - նշեց նա։
ՀՀԿ խոսնակը ևս մեկ անգամ ընդգծեց՝ պաշտոնական Ռուսաստանը Հայաստանի բարեկամն է ու դաշնակիցը։
«Իսկ թե Ռուսաստանում ով ում փողերով, կամ որ մարգինալ շրջանակը ինչ ստորագրահավաք կսկսի, դա, կարծում եմ, բացարձակ կապ չունի Կրեմլի պաշտոնական դիրքորոշման հետ», - նշեց Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով. «Ռուսաստանում էլ շատ բաներ կարող են լինել, որը Հայաստանը կարող է չկիսել»։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» թեմայով կլոր սեղան-քննարկում է կայացել։
Նշվել է, որ Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ «այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ, օրինակ, Գարեգին Նժդեհի արձանը»։
Կլոր-սեղան քննարկմանը քաղաքագետ Սերգեյ Մարկովը, որը հայտնի է ադրբեջանական դիրքրոշմամբ, նշել է, որ Երևանում Նժդեհի արձանի քանդման պահանջով ստորագրահավաք է սկսվել. արդեն իսկ կա 200 հազար ստորագրություն։