29/01/2018 12:08
Արցախում զինծառայողի մահվան դեպքի առթիվ ժամկետային զինծառայող է ձերբակալվել
Երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնումե ն Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, հունվարի 27-ին՝ ժամը 16:25-16:45-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանը: Նախնական տվյալներով՝ շարքային Հովսեփ Գրիգորյանը մահացու վիրավորումն ստացել է մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ժամկետային զինծառայողը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: