29/01/2018 11:29
Արցախ այցելող օտարերկրացիների թիվը 2017-ին աճել է
Հայաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ, 2017-ին շարունակել է ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված քայլերը։
Ըստ ՀՀ ԱԳՆ 2017 թ. Գործունեության հաշվետվության, տարվա սկզբին ադրբեջանական կողմը, խախտելով 1994-95թթ. կնքված եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը, Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծին և Հայաստանի հետ սահմանի երկայնքով նախաձեռնել է սադրանքների և դիվերսիոն գործողությունների նոր ալիք, ինչը հանգեցրել է կորուստների նաև քաղաքացիական բնակչության շրջանում:
Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ:
Բաքուն շարունակել է իր զինված ուժերի հենակետերն ադրբեջանական բնակավայրերում ու դրանց անմիջական հարևանությամբ տեղակայելու և այդտեղից սադրանքներ նախաձեռնելու՝ խստորեն դատապարտելի իր գործելաոճը:
Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման ուղղությամբ շարունակաբար ձեռնարկվող գործողությունները հանգեցրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությանը, որում մատնացույց է արվել, որ հենց Ադրբեջանն է խախտել զինադադարը, առաջինն է հրետանիով կրակ բացել:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացել է հինգ հանդիպում` փետրվարի 16-ին Մյունխենում, ապրիլի 28-ին՝ Մոսկվայում, հուլիսի 11-ին` Բրյուսելում, սեպտեմբերի 23-ին` Նյու Յորքում, դեկտեմբերի 6-ին` Վիեննայում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընդունվել է 14 հայտարարություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրականացրել են երեք տարածաշրջանային այց՝ մարտի 27-ին, հունիսի 10-ին և հոկտեմբերի 6-ին: Տարածաշրջանային իրենց այցելությունների շրջանակում եռանախագահները Ստեփանակերտում հանդիպումներ են ունեցել Արցախի ղեկավարության հետ։
Չնայած Ադրբեջանի իշխանությունների ջանքերին՝ Արցախ այցելող արտերկրի օրենսդիր մարմինների անդամների, հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների, բլոգերների և զբոսաշրջիկների թիվն աճել է: