29/01/2018 18:24
Այն, ինչ ես ցանկանում եմ ունենալ, ոչ մեկը չի կարող անհատույց նվիրել. Էռնա Էլիզբարյան
Հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նկատեց՝ ինչպես միշտ, այս անգամ էլ տոնական օրը սկսել է աշխատանքային եռուզեռով, բայց երեկոն շարունակելու է ռեստորանային համալիրներից մեկում՝ ընկերների միջավայրում:
«Լինի տանը, թե ռեստորանում՝ ես ուրախության կողմնակից եմ: Սակայն ընտրության հնարավորության դեպքում նախընտրում եմ ռեստորանը: Այնտեղ անցկացվող խնջույքը թույլ է տալիս տոնն էլ ավելի կազմակերպված ու դիտարժան դարձնել»,-նշեց նա:
Նրան ամենից շատ ուրախացնում են անկեղծ մաղթանքներն ու շնորհավորանքները, նյութական նվերների մասին չի մտածում: Ընդգծում է՝ դեռ կեսգիշերից ստանում է շնորհավորանքներ, բարեմաղթանքներ ու աղոթքներ, ինչն ամենալավն է: Հարցին, թե հատկապես իր որերո՞րդ տարեդարձը կառանձնացնի, պատասխանեց.
«Ամեն տարի ստանալ բարեմաղթանքեր հազարավոր հեռուստադիտողներից, քեզ շրջապատող սիրող մարդկանցից, արդեն, կարելի է ասել, լավագույն ծնունդն է։ Այն, ինչ ես ցանկանում եմ ունենալ, ոչ մեկը չի կարող անհատույց նվիրել: Ինքս իմ աշխատանքով պիտի ապահովեմ իմ բոլոր նյութական պահանջմունքներն ու բարեկեցությունը»:
Տարիքի մասին, ինչպես բոլոր կանայք, երիտասարդ հաղորդավարուհին լռեց: Թեև նկատեց՝ թվերի ավելացումն իրեն չի վախեցնում.
«Տարիքս գաղտնիք է, չէ՞ որ ես կին եմ, իսկ կանայք չեն սիրում խոսել իրենց տարիքի մասին: Բայց ասեմ, որ տարիքիցս չեմ վախենում, հակառակը, երջանիկ եմ, որ Աստված տալիս է ինձ մեծանալու և ցանկացած տարիքում երջանիկ ու հաջողակ լինելու հնարավորություն»:
Այն ամենն, ինչ այսօր ունի՝ առանց բացառության, հոբելյարը համարում է իր գլխավոր ձեռքբերումը:
«Ունեմ սիրած աշխատանք, ծնողներս ինձ հետ են. պահել, փայփայել այն, ինչ ունեմ ու ինչի հասել եմ՝ դա արդեն մեծ ձեռքբերում է: Իսկ մնացածն էլ, ինչ կունենամ հետագայում, կլինի իմ ու Աստծո կամքով», - ընդգծեց նա:
Հարցին՝ արդյոք արդեն իսկ չի մտածում ընտանիք կազմելու մասին, ժպիտով նշեց.
«Անկասկած, մտածում եմ: Դա իմ կյանքում պարտադիր պայման է, ու կլինի»:
Էռնա Էլիզբարյանն իր այս նոր տարիքում ինքն իրեն միայն մեկ մաղթանք ունի՝ թող Աստված բոլորին հասնի, նոր վերջում՝ իրեն:
«Եվ որ ամենակարևորն է՝ թող խաղաղություն լինի և՛ մեր սրտերում, և՛ հայրենիքի սահմաններում: Դրա կարիքը բոլորս ունենք», -մեզ հետ զրույցը եզրափակեց հաղորդավարուհին: