29/01/2018 11:04
Հունա-հռոմեական ըմբշամարտի 2018 թվականի առաջնությունում Հայաստանը 10 չեմպիոն ունի
Երեկ ավարտվել է հունա-հռոմեական ըմբշամարտի մեծահասակների Հայաստանի Հանրապետության 2018 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 85 ըմբիշներ, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի չեմպիոններ են դարձել Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արման Բաղդասարյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Էդուարդ Սարգսյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Վաղինակ Մինասյանը (97 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):
Ինչպես նախօրոք տեղեկացրել էր հունա-հռոմեական ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը առաջնությանը չի մասնակցել: Առաջնության արդյունքներով ձևավորված հունա-հռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականը կպատրաստվի տարվա կարևորագույն մրցաշարերին։