30/01/2018 12:19
Այլընտրանքային էներգետիկան կարող է իրական այլընտրանք լինել հայկական ատոմակայանին. Փոխնախարար
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը չի բացառում, որ այլընտրանքային էներգետիկան կարող է այլընտրանք լինել հայկական ատոմակայանին։
«Չի կարելի ոչ մի բան բացառել։ Ներկա պահին զարգացումներն այս ոլորտում ընթանում են շատ արագ, և ակումուլյացիոն տեխնոլոգիաները բավական արագ են զարգանում, բայց ներկա պահին հստակ չենք կարող ասել», - Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխնախարարը։
Արձագանքելով ԵՄ ներկայացուցիչ Դիրկ Լորենցի հայտարարությանը, թե հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակել, Հայկ Հարությունյանը հիշեցրեց, որ ՀՀ-ԵՄ բանակցությունների արդյունքում հստակ ձևակերպվել է, որ Հայաստանը պետք է ներկայացնի ատոմակայանի գործող բլոկի ապագործարկման ճանապարհային քարտեզ։
«Ոչ մեկիս մոտ իլյուզիա չկար, թե ատոմակայանի գործող բլոկը պետք է ընդմիշտ աշխատեր», - ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ հայկական կողմը բավականին մեծ ներդրումներ է արել և շարունակում է անել անվտանգության ապահովման համար:
«Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 300 միլիոն դոլար արժողությամբ ներդրումների մեծ մասը գնում է հենց անվտանգության ստանդարտների բարձրացման վրա», - ասաց Հ.Հարությունյանը:
Փոխնախարարը հստակեցրեց՝ երկարաձգումը նախատեսում են 10 տարի ժամկետով, որից հետո նախատեսվում է ապագործարկում։
«Այստեղ ոչ մի արտառոց բան չկա», - ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։
Սարքավորումների փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։