30/01/2018 11:48
Հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակել. Դիրկ Լորենց
Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը կարծում է, որ Մեծամորի ատոմակայանը հնարավորինս շուտ պետք է փակել:
«Մենք հավատացած ենք, որ պետք է հնարավորինս շուտ փակվի ատոմակայանը, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին», - լրագրողներին ասաց Դ.Լորենցը:
Նշենք, որ Երևանում այսօր մեկնարկել է էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ-ԵՄ ենթակոմիտեի 5-րդ նիստը։
«Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար կարևոր է էներգետիկ անվտանգությունը: Դա պետք է հաշվի առնել։ Ներկայումս Հայաստանի հետ ԵՄ-ն աշխատում է ատոմակայանի անվտանգության բարելավման ուղղությամբ», - ասաց Դիրկ Լորենցը։
Նա նշեց, որ Ֆուկուսիմայի ողբերգական դեպքից հետո ԵՄ-ում գտնվող ատոմակայանների սթրես-թեսթեր են անցկացվել, այդպիսին նաև Հայաստանն է իրականացրել։
«Այժմ կարևոր է այդ թեստերի արդյունքները կյանքի կոչել, այսինքն, անել այն, ինչ հնարավոր է այս ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար», - ասաց Դ.Լորենցը:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։
Սարքավորումների փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։