30/01/2018 17:11
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացքում Հայաստանի դիրքերը շեշտակի ամրապնդվել են. Սերժ Սարգսյան (Տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում, այս մասին այսօր ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասին հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի գրասենյակը:
Նախագահն իր դիրտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ արտգործնախարարության որոշ թերացումների վերաբերյալ՝ հստակ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ և հետևողական ջանքերի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել:
«Մենք միջազգային և տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության մեր բաժինը երբեք չենք փորձել դնել ուրիշի ուսերին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակելու է լինել մեր արտաքին քաղաքականության օրակարգի առաջնագծում: Իհարկե, մենք անշեղորեն շարունակելու ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ մեր դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Եվ այստեղ ուզում եմ շնորհակալություն հայտնել պրոցեսի բոլոր մասնակիցներին՝ նախարարի գլխավորությամբ: Մենք, իհարկե, կարողացել ենք ամրագրել ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է` «որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ՀՀ արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ»:
«Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է Հանրապետության նախագահը: