30/01/2018 17:06
Հայաստանը վերանայելու և արդիականացնելու է ազգային անվտանգության ռազմավարությունը (Տեսանյութ)
Հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակ, այսօր ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը:
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է արտաքին քաղաքականության բնագավառում միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորումը, համապատասխան քաղաքականության մշակումը:
«Կարծում եմ, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։
Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ։ Ակնկալում եմ, որ արտգործնախարարությունն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է` արտաքին գործերի նախարարությունը կուտակել է անհրաժեշտ գիտելիքներ, փորձ և ամենակարևորը՝ գործիքակազմ ներկայացնելու իսկապես բովանդակային և սկզբունքային առաջարկություններ։
«Բայց դուք դիվանագետներ եք և շատ հստակ պատկերացնում եք, որ այդպիսի հիմնարար և երկարաժամկետ փաստաթուղթ ունենալու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ և հատկապես այդպիսի փաստաթղթի ստեղծման ժամանակ անհրաժեշտություն է հստակությունը»,- նշել է Սերժ Սարգսյանը:
ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ նախագահն իր դիտարկումներն է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ արտգործնախարարության որոշ թերացումների վերաբերյալ՝ հստակ մատնանշելով այն աշխատանքները, որտեղ կարելի էր լավ և հետևողական ջանքերի շնորհիվ ակնկալվող ավելի մեծ արդյունքների հասնել: