30/01/2018 16:59
Դահլիճում կային անկիրթ հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ. Լևոն Ջուլֆալակյանն՝ Արսեն Ջուլֆալակյանի ու երկրպագուների միջև միջադեպի մասին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ՀԸՖ պաշտոնական կայքին տված հարցազրույցում ամփոփել է Հայաստանի առաջնությունը:
-Պարոն Ջուլֆալակյան, խնդրում եմ խոսեք Հայստանի առաջնությունից՝ անդրադառնալով հանդիսատեսի և ըմբշների պահվածքին:
-Դուք էլ ձեր աչքով տեսաք ամբողջը: Ես դժգոհ եմ հանդիսատեսի պահվածքից: Տպավորություն էր, որ մենք ուրիշ երկրում էինք մասնակցում առաջնության և գոտեմարտում էինք իրենց ըմբիշների դեմ: Համենայն դեպս ներկաները չպետք է իրենց այդպես պահեին այն մարզիկների նկատմամբ, ովքեր իրենց հաղթանակներով տարիներ շարունակ Հայաստանին մեծ պատիվ են բերել: Մի բան պարզ է. դահլիճում կային անկիրթ, իրենցից ոչինչ չներկայացնող հանդիսականներ, պարզապես՝ ոչնչություններ:
-Գո՞հ եք Հայստանի առաջնությանը մասնակցած ըմբիշների քանակից և մրցակցությունից:
-Անցած տարվա համեմատ մասնակիցների քանակն ավելացել է: 2017 թվականին մասնակցում էին 68 մարզիկ, այս տարի՝ 85: Անգամ այս դեպքում եմ ես դժգոհ: Մեր առաջնությունում ես ցանկանում եմ տեսնել 140-150 մասնակից, բայց որակով, այլ ոչ թե՝ պարզապես մասնակից: Ինձ շատ է մտահոգում որակը: Միշտ էլ եղել են թերություններ, որոնք աշխատանքի շնորհիվ շտկվել են: Երկար տարիներ է գլխավորում եմ հավաքականը և ամեն տարի հաջողվել է մեդալներ նվաճել, սակայն մեզ համար անհամեմատ ավելի հեշտ կլիներ հավաքականում աշխատել ավելի լավ պատրաստված, բարձրակարգ ըմբիշների հետ:
-Նոր անուններ հավաքականում կտեսնե՞նք:
-Նոր անուններ, բնականաբար, կլինեն քանի որ նոր քաշային կարգեր են ավելացել: Փորձարկվելու են Հայաստանի առաջնությունում հաղթած մարզիկները: Աչքի ընկած ըմբիշներ կան, բայց, կրկնում եմ, որակը ինձ չի գոհացնում: Հավաքներն ու միջազգային մրցումները ցույց կտան:
-77 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտը՝ Արսեն Ջուլֆալակյանի և Կարապետ Չալյանի միջև, բուռն քննարկումների առիթ դարձավ: Կարծիքներ էին հնչում, որ անարդար մրցավարություն կար: Դուք ի՞նչ կասեք:
-Ընդհանուր առաջնության մրցավարությունն ինձ չգոհացրեց: Սակայն ես ինձ թույլ չտվեցի խառնվել նրանց գործողություններին: Մեզ մոտ ընդունված կարգ կա և այն ուժի մեջ է. եթե մի քաշային կարգում որակներով իրար հավասար կամ իրար մոտ ըմբիշներ կան նրանք փորձարկումներ են անցնում նաև միջազգային գորգում: Փորձը ցույց է տալիս, որ շատ ըմբիշներ, որոնք հաղթում են ներքին առաջնությունում, միջազգային գորգում իրենց դրսևորել չեն կարողանում: Արսեն Ջուլֆալակյանն իր անցած ճանապարհով ապացուցել է, որ կայացած ըմբիշ է: Կարապետ Չալյանը երիտասարդ, խոստումնալից ըմբիշ է: Սակայն մեծահասակների առաջնություններում դեռ միայն մեկ բրոնզե մեդալ ունի և մի շարք սայթաքումներ: Կոնկրետ այս քաշային կարգում՝ Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցեն երկու ըմբիշներն էլ: Այնտեղ կլինեն անկախ մրցավարներ, անկախ հանդիսատես և կորոշվի ուժեղագույնը, ով էլ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Նշենք, որ ինչպես գրել է Armsport.am-ը՝ տեղեկատվություն կար, որ ամբողջ ընթացքում դահլիճը բացասական վերաբերմունք է ցույց տվել օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 2014 թ. չեմպիոն Ջուլֆալակյանի նկատմամբ` երկրպագելով նրա դեմ: Իսկ 77 կգ քաշային կարգի եզրափակչում սադրանքներն էլ ավելի են մեծացել, ու Ջուլֆալակյանը նույնիսկ ցանկացել է հաշիվները պարզել երկրպագուներից մեկի հետ, բայց նրան կարողացել են կանգնեցնել: