31/01/2018 13:10
«Ստալինի մահը» ֆիլմն անարգել կցուցադրվի Հայաստանում
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում մեծ էկրան է բարձրացել ֆրանս-բրիտանական արտադրության «Ստալինի մահը» գեղարվեստական ֆիլմը, որը կատակերգական ժանրում է և իրադարձություններին անդրադառնում է այդ տեսանկյունից, ընդհուպ՝ մինչև սարկազմ:
Ռուսաստանում և ԱՊՀ մի շարք երկրներում ֆիլմի ցուցադրությունն արգելվել է՝ պատճառաբանությամբ, որ այն ծաղրում է նախկին ԽՍՀՄ պետությանն ու նրա ղեկավարներին: Ռուսաստանի մշակույթի նախարարությունը ռուս կինեմատոգրաֆիստների և հանրային խորհրդի անդամների նամակ-խնդրանքի հիման վրա հետ է կանչել ֆիլմի վարձութային հավաստագիրը: Նամակի համաձայն՝ ֆիլմը վիրավորական է, քանի որ «պղծվում են մեր պատմական խորհրդանիշները՝ խորհրդային հիմնը, շքանշաններն ու մեդալները: Մարշալ Ժուկովն էլ ներկայացված է որպես հիմար»:
Ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանում այս ֆիլմի ցուցադրության շուրջ մշակույթի նախարարությունը, և արդյոք Հայաստանում ևս նման արգելք չի սահմանվի:
Aysor.am-ի հարցին ի պատասխան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «ՀՀ Մշակույթի նախարարությունը կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրումն արտոնելու կարգի հետ որևէ առնչություն չունի»:
Պատասխանից ակնհայտ է, որ «Ստալինի մահը» ֆիլմը անարգել կշարունակվի ցուցադրվել Հայաստանի կինոթատրոններում: