31/01/2018 18:14
Ինչ-որ չինովնիկի քմահաճույք է կամ տգիտության հետևանք. հաշմանդամ զինվորների համար պրոթեզներ պատրաստող կենտրոնը փակվել է
Շուրջ մեկ ամիս է՝ «Ինտերօրթո» պրոթեզավորման գերմանական կենտրոնը 27 տարվա անընդմեջ գործունեությունից հետո դադարեցրել է աշխատանքները: Պատճառը 2018 թվականի համար անցկացված տենդերում կենտրոնի պարտությունն էր: Այս հաստատության հիվանդների թվում են նաև Արցախյան շարժման և ապրիլյան պատերազմի բազմաթիվ մասնակիցներ, ովքեր էլ օրերս նամակ են ուղղել ՀՀ վարչապես Կարեն Կարապետյանին և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խնդրանքով՝ վերաբացել պրոթեզավորման կենտրոնը:
Aysor.am-ի հետ զրույցում Կենտրոնի օրթոպեդ-ինժեներ Մկրտիչ Գինոսյանը նկատեց՝ որպես որակյալ կազմակերպություն 27 տարիների ընթացքում «Ինտերօրթո» կենտրոնը սովորական պետպատվերով հիվանդանոցների պես է աշխատել, այս տարի տենդեր է հայտարարվել ու էժան պրոթեզներ ներկայացնող ընկերությունը շահել է այն՝ միայն գնի հաշվին:
Հատկանշական է, որ շահող կազմակերպությունը հիվանդներին ապահովում է միայն ազդրի (ծնկից վերև) պրոթեզով, այնինչ, «Ինտերօրթո»-ն վերջույթների ամբողջական պրոթեզներ էր առաջարկում:
«Սա մասնագիտորեն տգիտություն է: Չգիտեմ, ինչ-որ չինովնիկի քմահաճույք է կամ տգիտության հետևանք: Բացարձակապես հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ մարդը հաշմանդամ է, միայն գինն են հաշվի առել՝ էժան է: Բայց առաջին պլանում պետք է հաշմանդամ մարդու շահերը լինեն, և ոչ թե պետպատվերի շրջանակում տրվող ֆինանսը: Եթե, օրինակ, երկու տարբեր վերջույթների պրոթեզավորումների անհրաժեշտություն ունեցող մարդու մի պրոթեզավորումը մեկն անի, մյուսը՝ մեկ ուրիշը, ո՞վ է պատասխան տալու խնդիրների դեպքում», - նշեց օրթոպեդ-ինժեները:
Հարցին՝ երկու ընկերությունների պրոթեզների պատրաստման համար պահանջվող գումարի միջև տարբերությունը շա՞տ մեծ է՝ պատասխանեց.
«Եթե որակական, պրոթեզի պրոֆեսիոնալիզմի առումով նայենք, բացարձակապես մեծ չէ: Էժանը կա՝ ընտրել են էժանը: Ոչ ոք չի վերլուծել՝ ի՞նչ պրոթեզավորում է, ի՞նչ նյութերով են աշխատում, ի՞նչ մասնագետներ պետք է աշխատեն: Ոչ մի հստակ տվյալ չկա: Ընդամենը՝ գինը հաղթել է որակին ու վերջ»:
«Ինտերօրթո» կենտրոնի հիվանդները մշտապես կապի մեջ են գտնվում Մ. Գինոսյանի հետ: Օրթոպեդ-ինժեների խոսքերով՝ որոշման պահից ի վեր տղաները շոկի մեջ են:
«Այս ամսվա առաջին երկու շաբաթները աշխատանքի ենք գնացել՝ հույս ունենալով, որ պետք է շարունակենք աշխատանքը: Տղաներից մեկի պրոթեզը պետք է վերանորոգել, մյուսի պրոթեզի ժամկետն է լրացել, պետք է նորը սարքել: Հիմա շոկի մեջ են, տղաները չգիտեն՝ ո՞ւր գնան, ի՞նչ ձևով այդ հարցը լուծեն: Հիմնականում, ամեն օր զանգում, անհանգստություն են հայտնում՝ ի՞նչ պետք է լինի: Երկու օր առաջ էլ իմացա, որ նամակ են գրել վարչապետին և Պաշտպանության նախարարին ու սպասում են պատասխանին: Չնայած՝ չգիտեմ՝ Պաշտպանության նախարարն այս առումով ի՞նչ կարող է անել, սա իր իրավասության ներքո չէ», - նկատեց մեր զրուցակիցը:
Փետրվարի 1-ին՝ առավոտյան ժամը 11:00-ին, իրենց նամակի պատասխանը ստանալու համար ՀՀ կառավարության շենքի դիմաց են հավաքվելու պատերազմում հաշմանդամ դարձած ու կենտրոնի հիվանդների շարքերը համալրած տղաները: Նրանք հրավիրել են նաև իրենց բժիշկ Մկրտիչ Գինոսյանին:
«Տղաներն ասացին՝ գուցե մասնագիտական հարցեր առաջանան, լավ կլինի դուք էլ ներկա լինեք: Ես չեմ մերժել, իրենց հետ կլինեմ, քանի որ այս տարիների ընթացքում որոշ տղաների հետ եղբայրներ, ընտանիք ենք դարձել: Եթե նույնիսկ չուզեմ գնալ, միևնույն է, պարտավոր եմ գնալու, բարոյականությունն է դա թելադրում», - եզրափակեց մեր զրուցակիցը: