31/01/2018 15:00
Գրաքննությո՞ւն, թե՞ անկազմակերպվածություն. Արմեն Ամիրյանն ու Անահիտ Ասատրյանը պարզաբանում են Սաակաշվիլու գրքի շնորհանդեսի չեղարկումը
Փետրվարի 7-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում նախատեսված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հեղինակած «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը օրերս չեղարկվել է: Թեև թանգարանի ղեկավարության պաշտոնական պարզաբանման մեջ նշվել է, որ չեղարկման պատճառը տեխնիկական խնդիրներն են, սակայն թարգմանիչ Միքայել Նահապետյանի վստահեցմամբ՝ դրանում քաղաքական դրդապատճառներ կան:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ նման որոշում կայացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մ.Սաակաշվիլին հանդիսանում է «ոչ այնքան ցանկալի» քաղաքական գործիչ, մեկտեղ՝ երբեմն հակահայ քաղաքականություն է վարում:
Aysor.am-ի հարցին՝ արդյոք նախարարությունը նման հրահանգ տվել է, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ընդգծեց.
«Նախարարությունը տեղյակ չի եղել նման միջոցառման մասին, քանի որ կազմակերպիչների և Ե.Չարենցի տուն-թանգարան ՊՈԱԿ-ի միջև որևէ պայմանագիր չի ստորագրվել»:
Բոլորովին այլ էր թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանի պատճառաբանությունը: Պարզվում է՝ տնօրենն ու կազմակերպիչները նախապես համաձայնության են եկել, որոշել են օր ու ժամ: Բայց, հետագայում, կողմերից մեկը հրաժարվել է իր պարտականություններից:
«Այս չեղարկումը կապված է իմ որոշման հետ. ես հիմա շատ զբաղված եմ, տեխնիկական պատճառներ ունեմ և իրենց նախընտրած ժամանակահատվածում չեմ կարող կազմակերպել: Առաջարկեցի հետաձգել, բայց երիտասարդ տղան չուզեց (նկատի ունի Մ. Նահապետյանին - հեղ.): Այո, նախապես համաձայնության եկանք, բայց հետո նայեցի ընթացիկ գործերիս ու հասկացա, որ չեմ հասցնի: Միմյանցից բաժանվել ենք բարյացակամ և սիրալիր»:
Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով խոսակցություններին, թե սա հերթական գրաքննությունն է, ինչպիսին, օրինակ նախորդ տարի Հովհաննես Թումանյանի թանգարանի բացօթյա տարածքում տեղակայված «Խավարում» ցուցահանդեսի դեպքում եղավ, Ա.Ասատրյանը պատասխանեց.
«Չկա՛ այդպիսի բան, նման բան գոյություն չունի: Դա սուտ է, որը տարածվում է, քանի գնում, ձնագունդը գլորվում ու ավելի է մեծանում»:
Դիտարկմանն՝ արդյոք Սաակաշվիլու գրքի թարգմանության շնորհանդեսը համաձայնեցվել էր մշակույթի նախարարության հետ, կամ՝ այն հաստատող պայմանագիր էր կնքվել, նա նկատեց.
«Սա իմ միջացառումը չի: Մարդը գալիս, վարձակալում է սրահը իր միջոցառման համար: Այլ հարց, եթե սա իմ կազմակերպած միջոցառումը լիներ: Նախարարությունն այստեղ որևէ կապ չունի»: