31/01/2018 20:00
Վերջին երկու տարվա մեջ շատ ավելի կորցրեցի, շատ ավելի հարվածեցին. դերասան Վահագն Գալստյանը դարձավ 40 տարեկան
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Վահագն Գալստյանն այսօր տոնում է ծննդյան 40-րդ տարեդարձը: Սովորաբար շատերը, սնահավատությանը տուրք տալով, 40 ամյակն անտեսում են: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նկատեց՝ ավագ ընկերներն իրեն էլ համոզում էին, որ պետք չէ նշել, հաջողությունը կտանի, բայց անակնկալներից խուսափել չհաջողվեց:
«Նեղ օրերիս ամենամոտ ընկերը՝ Արտակ Աբրահամյանը, կեսգիշերից հետո զանգեց՝ թե շատ խմած եմ, ավտոմեքենաս չեմ կարողանում վարել, կգա՞ս ինձ տուն տանես… Հանդիպեցինք, ու անակնկալ կերպով հայտնվեցինք սեղանի շուրջ: Շնորհակալ եմ նրան կողքիս լինելու ու գեղեցիկ անակնկալ պատրաստելու համար», - շեշտեց դերասանը:
Առավոտյան զարթուցիչի դերն էլ հեռախոսազանգերն են ստանձնել. արթնացել է աշխարհի տարբեր անկյուններից ստացված ընկերների, հարազատների ու երկրպագուների շնորհավորական զանգերից: Օրվա առաջին հատվածն անցկացրել է թատրոնում, այնուհետև՝ նկարահանման հրապարակում: Ի դեպ, Վահագն Գալստյանին ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարմիր բլուր» հեռուստասերիալի հետևորդները շուտով կհանդիպեն Վանոյի կերպարով: Կատակում է՝ մարմնավորելու է Վանոյին, բայց ոչ Սիրադեղյան:
«Այսօր իմ նկարահանման առաջին օրն է: Նոր կերպարս շատ հետաքրքիր է, խորհրդավոր ու հասուն: Ես իրեն մոտենում եմ արդեն 40-ը բոլորած դերասանի կարգավիճակով: Աշխատելու եմ ինչպես միշտ՝ ներդնելով ամբողջ ուժերս ու ապահովելով 100 տոկոսանոց որակ և պրոֆեսիոնալիզմ, գնահատականը կտա հեռուստադիտողը: Ես իմ աշխատանքը շատ եմ սիրում, և գուցե չհավատաք, բայց մանկան պես ուրախացած այսօր նկարահանման հրապարակ եմ եկել: Մասնագիտությունս սիրում եմ այնպես, ինչպես փոքրիկ երեխան կոնֆետը», - խոստովանեց մեր զրուցակիցը:
Թեև հոբելյարն այսօր որևէ տոնական միջոցառում չի կազմակերպել, սակայն ընկերներն ասել են՝ չես նշում դու, բայց նշում են ընկերներդ ու եղբայրներդ: Նկարահանումից հետո կհավաքվեն այնտեղ, որտեղ իրենք են որոշել:
Կյանքի արդեն 4-րդ տասնամյակ ոտք դրած դերասանին տարիքը չի վախեցնում: Այսօր էլ իրեն զգում է ուժեղ, կենսախինդ, ունի նպատակներ ու դրանց հասնելու հստակ ծրագրեր: Ժպիտով ընդգծում է՝ խենթ ու խելառ օրերը անցյալում են մնում, թեև դերասանները միշտ էլ մի քիչ խենթ ու խելառ են: 40-ն իրեն ավելի շատ պարտավորեցնում է, ստիպում առավել կշռադատված քայլեր անել ու «հավաքվել»:
Անդրադառնալով ապրած տարիների գլխավոր ձեռքբերումներին և կորուստներին՝ հոգոց հանելով նկատեց՝ երկուսից էլ ունեցել է, ու երկուսն էլ շատ կարևոր ու ցավոտ են: Ամենածանր կորուստն ունեցել է 2015 թվականին՝ հայրիկի կորուստը, իսկ ձեռքբերումներից առաջնայինը զավակներն են:
«Կարծում եմ՝ ապագայում դեռ շատ կլինեն և՛ ձեռքբերումներ ու հաղթանակներ, և՛, ցավոք, կորուստներ: Բայց ուզում եմ, որ այդ կորուստները ժամանակին լինեն, թե չէ վերջին երկու տարվա մեջ շատ ավելի կորցրեցի, շատ ավելի հարվածեցին ու փորձեցին կրկնակի դիմակով ինձ մոտենալ: Բայց, Փառք Աստծո, ամեն ինչ անցյալում է», - նշեց նա:
Aysor.am-ի հարցին, թե նյութական ի՞նչ նվեր կցանկանա ստանալ հենց այսօր, նաև ի՞նչ կմաղթի ինքն իրեն ծննդյան օրվա կապակցությամբ, պատասխանեց.
«Եթե մի հատ BMW նվիրեն, մեծ հաճույքով կվարեմ, որովհետև միշտ երազել եմ: Բայց դե՝ դժվար… Խաղաղություն եմ ուզում, ամեն օր արթնանամ խաղաղ երկրում ու օրս ավարտվի հենց այդ խաղաղության մեջ»: