31/01/2018 13:50
Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը Հայաստանի առաջնությանն անիմաստ էր. Լևոն Ջուլֆալակյան
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանն այս անգամ մասնակցել են բոլոր առաջատար ըմբիշները, բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է որոշումը։
«Մեզ մոտ ընդունված կարգ կա, որ աշխարհի ու Եվրոպայի բոլոր մեդալակիրներին Հայաստանի առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորություն է տրվում: Բայց, քանի որ ըմբշամարտում կանոնները և քաշային կարգերը փոխվել են, դրա համար բոլորն էլ մասնակցում են:
Քանի որ մենք ամեն քաշային կարգում չունենք հինգ-վեց-յոթ լիդեր ըմբիշներ, փորձում ենք եղածը պահպանել և դրան ավելացնել, այլ ոչ թե կորցնել: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իր քաշային կարգում, կարելի է ասել, Հայաստանում չունի մրցակից, որը նրան արժանի դիմադրություն ցույց կտար: Այնպես որ, Հայաստանի առաջնությունում մեկնարկելն իմաստ չունի: Սա ցավալի փաստ և իրականություն է», - ասել է Լ. Ջուլֆալակյանը։