05/02/2018 20:27
Իրավունքը մղվել է երկրորդ պլան. Փաստաբանների պալատի նախագահը դժգոհ է
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան թջում անդրադարձել է «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծին, որը երկրորդ ընթերցումից այսօր առաջ քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
«ՀՀ կառավարության ներկայացուցիչն առաջարկել է դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել Նախագծում, ինչպես նաև Նախագիծը լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով:
Հանձնաժողովը հավանություն է տվել այս առաջարկությանը:
Ցավով պետք է արձանագրեմ, որ բոլորիս աչքի առջև տեղի ունեցավ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) կոպիտ խախտում:
Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝
- առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը և Կառավարությունը, ինչպես նաև հեղինակից բացի, մյուս պատգամավորները՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ.
- գրավոր առաջարկները կարող են ներկայացվել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Մեջբերված հոդվածի դրույթներից հետևում է, որ
Ա. Առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունվելու պարագայում դրանում փոփոխություն կատարելու առաջարկներն օրենսդրական նախաձեռնության սուբյեկտները կարող են ներկայացնել գրավոր և առաջին ընթերցումից հետո՝ երկշաբաթյա ժամկետում:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Դա նշանակում է, որ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձևակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչև 08.01.2018թ.:
Բ. «Ա» կետում նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Եթե արտահերթ նիստում ընդգրկված է միայն առաջին կամ միայն երկրորդ ընթերցման հարցը, ապա գործում է երկու շաբաթվա ընդհանուր կանոնը:
Գ. «Ա» կետում նշված ժամկետը կարող է փոփոխվել Ազգային ժողովի որոշմամբ: Ազգային ժողովը որոշում չի ընդունել քննարկվող երկշաբաթյա ժամկետը փոփոխելու կամ Նախագծի երկրորդ ընթերցումը հատուկ ընթացակարգով քննարկելու վերաբերյալ: Օրինագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում օրինագծերի քննարկման և ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:
Դ. Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
Նախագծի լրացում ներկայացված ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ երկրորդ ընթերցումից առաջ և ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:
Ե. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում, և առկա չէ այդ իրավակարգավորման ընդունման անհրաժեշտությունը:
2016թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 125.500 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 4 փաստաբանի նկատմամբ:
2017թ. ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված 137.399 քաղաքացիական գործերով, դատարանները փաստաբանների պալատ դիմելու դատական սանկցիա են կիրառել միայն 2 փաստաբանի նկատմամբ:
Վերոնշյալից հետևում է, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ՝
- ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը,
- ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը,
- բացակայում է նախագծում փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը:
2018 թվականի փետրվարի 6-ին ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը (անդամները) և/կամ այս հարցի կապակցությամբ ինքնաբուխ ձևավորված նախաձեռնող խումբը հանդես կգա կոնկրետ գործողությունների հայտարարությամբ»,-գրել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։