05/02/2018 15:00
Գեներալների մեջ՝ միակ կոմպոզիտորը և կոմպոզիտորների մեջ՝ միակ գեներալը. նշվեց Ալեքսեյ Հեքիմյանի 90-ամյա հոբելյանը
Փետրվարի 2-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Ալեքսեյ Հեքիմյանի սիրված երգերն էին՝ առաջին անգամ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ և նոր գործիքավորմամբ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված համերգը նվիրված էր Հեքիմյանի 90-ամյակին։ Երեկոյին ներկա էր ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, ում հովանու ներքո էլ անցկացվում էր հոբելյանական համերգը։ Հանդիսությանը ներկա գտնվելու համար Երևան էին ժամանել Ալեքսեյ Հեքիմյանի որդիները՝ Միքայելը և Ռաֆայելը։ Համերգի հատուկ հյուրերն էին Հեքիմյանի վաղեմի բարեկամներ Նանի Բրեգվաձեն և Վախթանգ Կիկաբիձեն։
Կիկաբիձեն հիշեց իր առաջին հանդիպումը Հեքիմյանի հետ. իրեն զանգել էր Վրաստանի պետական անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալը և ասել, որ Մոսկվայից ժամանել է ոստիկանության գեներալ Ալեքսեյ Հեքիմյանը, ով իր համար երգեր է գրել, պետք է գալ և ձայնագրել դրանք։ «Ես միանգամից ասացի՝ ոչ։ Բայց դե ինձ տարան, տեսնեմ իմ առջև կանգնած է համազգեստով ու մեծ աստղեր ունեցող ուսադիրներով Հեքիմյանը։ Ասաց՝ Վախթանգ, ես Ձեզ համար 14 երգ եմ գրել և ցանկանում եմ, որպեսզի կատարեք։ Ես երբեք չէի լսել։ Ասացի՝ միայն երկու շիշ կոնյակ բերեք։ Եվ 3 ժամում ձայնագրեցինք այդ 14 երգը։ Այստեղից էլ սկիզբ առավ մեր բարեկամությունը։ Հաճախ էի նրանց տանը լինում, հրաշալի կին ուներ, շատ համեղ տոլմա էր պատրաստում։ Ցավոք, կյանքն այնպիսի բան է, որ մարդիկ հեռանում են»,- պատմում է Կիկաբիձեն ու ավելացնում, որ Հեքիմյանը շատ լավ մելոդիստ էր, երաժշտությունը նրա մեջ էր, հորդում էր նրա հոգուց։
Նանի Բրեգվաձեն երեկոյի ընթացքում ներկայացրեց «Снегопад» երգը՝ նոր գործիքավորմամբ։ Երգչուհին նշեց, որ Հեքիմյանն ինքն է իրեն առաջարկել կատարել այս ստեղծագործությունը, այն հետագայում սիրվեց երաժշտասերի կողմից, և այս երգից հետո իրեն սկսեցին հաճախ անվանել «Снегопад»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատեց, որ իր և կոլեկտիվի համար շատ կարևոր համերգ է. վերհիշում են Հեքիմյանի սիրված երգերը նոր ձևաչափով, նոր հնչողությամբ ու նոր շնչով։ Նա շեշտեց, որ մշտապես պետք հիշենք ու մեծարենք մեր ազգի մեծ զավակներին։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հայկական էստրադայի սիրված երգիչները ներկայացրին Հեքիմյանի «Բարի արագիլ», «Вся жизнь впереди», «Անուշիկ իմ քույրիկ», «Շողոտ-շաղոտ», «Ես չիմացա, թե ինչու…», «Իմ Ղարաբաղ (Ղարաբաղցի)», «Снегопад», «Вот и весь разговор», «Пожелания» և բազմաթիվ այլ երգեր։
Ալեքսեյ Հեքիմյանի որդին՝ Միքայել Հեքիմյանը, իր երախտագիտությունը հայտնեց դահլիճում ներկաներին և կազմակերպիչներին հոր հիշատակը վառ պահելու համար։ Նա հատկապես շեշտեց տիկին Ռիտա Սարգսյանի դերը Հեքիմյանի ստեղծագործական ժառանգության պահպանման գործում։ Միքայել Հեքիմյանը նշեց, որ թեև հայրը վաղ է հեռացել կյանքից, սակայն երջանիկ մարդ է եղել, քանի որ նրան սիրում է ժողովուրդը, նրա արվեստը հիշվում է, նրա երգերը կատարվում են։ Նա նաև առանձնացրեց երկու մարդու, ոքվեր մասնակից են եղել Հեքիմյանի երաժշտական հաջողություններին՝ իր մայրը՝ Վալենտինա Հեքիմյանը, որը Ալեքսեյ Հեքիմյանի գաղափարակիցն էր, նրա երգերի առաջին ունկնդիրն ու քննադատը։ Միքայել Հեքիմյանը շեշտեց նաև պետական գործիչ Ստեփան Պողոսյանի մեծ դերը Ալեքսեյ Հեքիմյանի ստեղծագործական հաջողությունների մեջ։
Գեղարվեստական-երաժշտական երեկոն ամբողջական անդրադարձ էր Ալեքսեյ Հեքիմյան մարդու, ստեղծագործողի կյանքին։ Տեսաշարով ներկայացվեցին հատվածներ կոմպոզիտորի հարցազրույցներից, արխիվային նյութեր, հուշեր նրա մասին։ Հնչեց նաև մեր մեծերից Արամ Խաչատրյանի կարծիքը Հեքիմյան կոմպոզիտորի մասին։ Երեկոն ավարտվեց անակնկալով։ Հնչեց պրեմիերա՝ Ալեքսեյ Հեքիմյանի գործիքային ստեղծագործության հիման վրա Ավետ Բարսեղյանի խոսքերով գրված «Հանդիպում Երևանի հետ» երգը։