06/02/2018 16:09
Առաջին սթրեսը մայրս է տարել. Էրիկ Օհանյանն՝ իր մահվան լուրերի և ԱԱԾ-ին ուղղված առաջարկի մասին
Համացանցը հրաշալի հնարավորություն է ընձեռում տեղեկացված լինելու աշխարհի տարբեր անկյուններում ամեն վայրկյան տեղի ունեցող իրադարձություններից, սակայն մեր օրերում անվերահսկելի դարձած ինֆորմացիոն տեղատարափը ոչ միշտ է, որ համապատասխանում է իրականությանը:
Օրերս հերթական «գույժը» տարածվեց՝ մահացել է սիրված սպորտսմեն, տարբեր ֆիլմերից ու սերիալներից հայտնի Էրիկ Օհանյանը: Առաջին հայացքից սա, պարզապես, հերթական «լայքամուրությունն» է, սակայն մոռանում ենք մուրացողի համար զոհ դարձածների հարազատների զգացմունքների և հոգեվիճակի մասին: Ի վերջո, նրանցից շատերը համացանցային խաբեություններից այնքան էլ տեղյակ չեն, ու ցանկացած լուր, այն էլ ճանաչված մարդուն առնչվող, իրականություն է ընկալվում:
Էրիկի «մահվան» լուրն էլ, Աստված մի արասցե, կարող էր ճակատագրական դառնալ նրա մայրիկի համար:
«Առաջին սթրեսը մայրս է տարել, ով ապրում է Մոսկվայում: Ինքը ֆեյսբուքում գրանցված չի, չգիտի էլ, թե դա ինչ բան է: Այնտեղ իր գործընկերներն են կարդացել ու հենց մայրս հասել է աշխատավայր, ասել են՝ տիկին Լիդա ջան, էս ինչ ենք լսել, ճիշտ ե՞ն գրում: Մորս հետ հեռախոսով խոսելիս չէր հավատում, որ ես եմ, ասում էր՝ ասեք, տեսնեմ Էրիկին ինչ է եղել: Վատացել էր, աշխատողներից մեկն է հեռախոսը վերցրել ու շարունակել հետս խոսել: Ու հիմա ամենաշատը հենց դրա համար եմ ուզում գտնեմ, տեսնեմ՝ էդ որ մի, էլ չասեմ՝ ինչի «տղու» կամ «աղջկա» ձեռի գործն է», - Aysor.am-ի հետ զրույցում զայրույթով մանրամասնեց Է. Օհանյանը:
Կեղծ ու անհայտ պրոֆիլներով տարածված լուրերին, հատկապես, երբ նրանք տևական ժամանակ էկրաններին չերևացող աստղերին են վերաբերում, հանրությունը երբեմն այլ որակում է տալիս. ինքնափիար՝ սեփական անձի մասին հիշեցնելու համար:
«Այո, դա էլ է ինձ վիրավորում: Չեմ ուզում մարդիկ մտածեն, թե ճանաչվելու խնդիր ունեմ ու սև փիար եմ անում: Բոլոր իմ պես տուժածների անունից ուզում եմ դիմել Ազգային անվտանգության ծառայությանը՝ չկա՞ բաժին, որը կզբաղվի ինտերնետային տերորով, կգտնի այդ հիմարներին ու օրենքով կպատժի: Հատկապես սպորտային ասպարեզում լիքը չուզողներ ունեմ, որոնց համար նման բաները չարախոսելու ևս մեկ առիթ են: Կսկսեն մտածել՝ չի կարում «ռասկրուտկա» լինի, էս ձևով է լինում: Հենց դրանց նմանների բերանը փակելու համար ուզում եմ գտնեմ այսպիսի բան անողին կամ անողներին», - ընդգծեց մեր զրուցակիցը:
Էրիկ Օհանյանն արդեն մի քանի օր է՝ փնտրում է ստահոդ լուրի հեղինակին՝ օգնողներին նաև ֆինանսական շնորհակալություն հայտնելու խոստումով: Նկատում է՝ նմանատիպ մարդիկ պետք է ըստ օրենքի պատժվեն, իսկ եթե օրենքը ոչինչ չի ձեռնարկում, ապա իր ձեռքն ընկնելու դեպքում անձամբ կպատժի, որպեսզի մյուսների համար դաս լինի:
«Գիտեմ՝ Հայաստանում օրինապահ մարմինները հրաշալի են աշխատում: Աշխարհում շատ տեղեր եմ եղել, ու հավատացեք, նման աշխատակազմ չեմ տեսել: Հանցագործներին կարողանում են շատ շուտ բացահայտել: Կխնդրեմ՝ այս կարգի հանցագործություններին էլ աչալուրջ լինել», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց սպորտսմենը: