06/02/2018 19:34
Պետք է հարաբերություններում խելացի լինել ու զիջելու, ներելու, վստահելու շնորհիվ պահպանել սերը. Անահիտ Կիրակոսյանի և Արտակ Սարգսյանի ընտանիքը 6 տարեկան է
Ուղիղ 6 տարի առաջ հենց այս օրը դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ու իրավաբան Արտակ Սարգսյանը միմյանց հետ հավերժ կյանքը կապելու երդում տվեցին: Ու ինչպես դրանից հետո ամեն տարի, այսօր էլ ամուսիններն օրը սկսում են՝ միմյանց շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով:
«Կեսգիշերին միմյանց շնորհավորեցինք ու շնորհակալություն հայտնեցինք, որ կողք կողքի ենք: Առավոտյան էլ արթնացա երեխաներիս շշուկներից: Հատուկ սրտաձև տորթ էին պատրաստել, որի վրա մեր նկարն էր պատկերված, ծաղիկներ ու փուչիկներ էին գնել: Անչափ հաճելի ու ջերմ առավոտ էր, սրճեցինք ու գնացինք մեր գործերով. մենք՝ աշխատանքի, աղջիկներս՝ դասի», -Aysor.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին:
Մեր զրուցակիցը նկատեց՝ աշխատանքային օրվա ավարտից հետո ամուսնու հետ ցանկանում են առանձնանալ քաղաքի գեղեցիկ ու գողտրիկ վայրերից մեկում՝ նշելու իրենց տոնը: Ընդգծում է, որ կարևորը՝ երկուսով լինեն:
Ի դեպ, Ա. Կիրակոսյանն ամեն տարի փետրվարի 6-ին ամուսնու համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստում՝ երգի տեսքով: 6-րդ տարեդարձն այդ առումով բացառիկ ստացվեց: Պատճառաբանությունն արդարացված էր:
«Ավանդույթ էր դարձել, որ ամեն տարի այս օրը պետք է երգ նվիրեմ ամուսնուս, սակայն այս տարի այդ հարցում թերացա, քանի որ օրեր առաջ աղջկաս 16 ամյակն էր ու զբաղված էի այդ միջոցառման կազմակերպչական աշխատանքներով: Ոչինչ, մեր ընտանիքում անակնկալներ շատ են լինում, հաճախ՝ առանց առիթի», - ընդգծեց նա:
Հարցին՝ ի՞նչ է փոխվել կյանքում այս 6 տարվա ընթացքում, ի՞նչ է պակասել կամ ավելացել հարաբերություններում, պատասխանեց.
«Շատ բան է փոխվել: Նախ՝ աղջիկներս են բավական մեծացել, տղաս արդեն 5 տարեկան է ու այս տարի դպրոց պետք է գնա: Գիտեք, տարիների ընթացքում հասունանում ես, շատ բաներ այլ կերպ ես սկսում ընկալել: Կարևորն այն է, որ մեր ընտանիքում իշխում է վստահությունը, ներդաշնակությունը: Սուտ է, թե սերը տարիների ընթացքում գնում է ու մնում է միայն կապվածությունը: Ո՛չ, սերը միշտ կա, ուղղակի պետք է հարաբերություններում խելացի լինել ու զիջելու, ներելու, վստահելու և հասկանալու շնորհիվ պահպանել այդ հրաշք զգացմունքը»:
Զրույցի ավարտին Անահիտ Կիրակոսյանն իր ամուսնուն ուղղեց՝ իր իսկ բնորոշմամբ, աշխարհում ամենակարևոր ու թանկ բառերը. «Ես ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ»: