07/02/2018 09:46
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ վարչապետի՝ չարտերային չվերթով Շվեյցարիա մեկնելու մասին
«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել է Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցին՝ նշելով, որ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:
Թերթը հիշեցրել է՝ «երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որևէ գումար չի տրամադրվել»:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ այցից առաջ` հունվարի 11-ին, վարչապետը պաշտոնական պատվիրակություն գործուղելու մասին որոշում է կայացրել, որտեղ և հանձնարարված է բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով:
«Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության», - նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:
Երեկ վարչապետի խոսնակը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդում էր՝ չվերթը բյուջեի վրա նստել է զրո դրամ, բայց փաստն այն է, որ իր որոշման մեջ վարչապետը հանձնարարել է բյուջեից գումար տրամադրել, ու նշված չէ, թե ինչքան:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: