07/02/2018 14:46
Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Մալթայի Հանրապետության հետ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի դեսպան Նատաշա Մելի Դոդեյը (նստավայրը՝ Վարշավա):
Նախագահը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը՝ խորացնելու հարաբերությունները Մալթայի Հանրապետության հետ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններում անցած 25 տարիներին լիարժեքորեն չի օգտագործվել համագործակցության մեծ ներուժը՝ նկատի առնելով նաև այդ հարաբերությունների համար ամուր հիմք հանդիսացող երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչությունները, որոնք հասնում են մինչև 14-րդ դար:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ դեսպան Դոդեյը, ինչպես նաև Հայաստանի դեսպանը Մալթայում իրենց ակտիվ գործունեությամբ կկարողանան լրացնել այդ բացը:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են բարձրաստիճան փոխայցերը, որոնք զգալիորեն նպաստում են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը և հարաբերությունների ակտիվացմանը:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է երկու երկրների արտգործնախարարությունների միջև որոշակի պարբերականությամբ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որը, նրա համոզմամբ, լուրջ խթան կհանդիսանա տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար:
Հանրապետության նախագահը և Մալթայի դեսպանը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը: Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ ԱԺ-ում արդեն գործում է Հայաստան-Մալթա բարեկամության խումբ, և հույս է հայտնել, որ Մալթայում ևս առաջիկայում կստեղծվի պատգամավորական նոր խումբ:
Հանդիպմանը երկկողմ հարաբերություններից բացի կարևորվել է Եվրամիության շրջանակներում Հայաստանի և ԵՄ անդամ Մալթայի միջև փոխգործակցության խորացումն ու ամրապնդումը: