07/02/2018 20:06
ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման արարողությանը Սերժ Սարգսյանը մասնակցել է թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ (Լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ միասին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության գավաթի ընդունման հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Ընդունված արարողակարգի համաձայն՝ նախագահ Սերժ Սարգսյանը ոսկե գավաթը ընդունել է 1998 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության չեմպիոն Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես եկած Քրիստիան Կարամբյոյից:
Ֆուտբոլի ամենանշանավոր մրցանակը՝ ոսկե գավաթը, արդեն 4-րդ անգամ է ուղևորվում միջազգային շրջագայության, որը կտևի 220 օր և կներառի ավելի քան 50 երկիր, որից 24-ում գավաթը ներկայացվելու է առաջին անգամ, այդ թվում՝ Հայաստանում:
Արարողության ավարտին ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Լուկաս Ռախովը Նախագահ Սարգսյանին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից նվիրել է ոսկե գավաթի փոքր կրկնօրինակը, իսկ Հայաստանում Բրազիլիայի դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսը Հանրապետության Նախագահին է փոխանցել լեգենդար ֆուտբոլիստ Պելեի կողմից ուղարկված ֆուտբոլային շապիկը՝ նրա ինքնագրով: