07/02/2018 17:26
Երևանում ֆուտբոլային տոն էր. ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը Հայաստանում է (Տեսանյութ)
Երևանում այսօր ֆուտբոլային օր էր. Հայաստանում առաջին անգամ ցուցադրվեց ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը։
Հայ ֆուտբոլասերին գավաթը ցուցադրեց Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի չեմպիոն, Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Կարամբյոն։
«20 տարի առաջ ես նույնպես նվաճել եմ այս գավաթը՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի իմ խաղընկերների հետ, որտեղ հայեր կային՝ Յուրի Ջորկաեֆն ու Ալեն Բոգոսյանը», - լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստիան Կարամբյոն:
Ի դեպ, գավաթին դիպչելու իրավունք ունեն միայն աշխարհի առաջնության չեմպիոններն ու երկրների ղեկավարները:
ՖԻՖԱ Աշխարհի առաջնության գավաթի 4-րդ շրջագայության պաշտոնական մեկնարկը տրվել էր 2017-ի սեպտեմբերին Ռուսաստանում:
Մինչև մայիս, այն կայցելի 91 քաղաք՝ ճանապարհորդելով ավելի քան 126 000 կմ:
Նշենք, որ Աշխարհի առաջնության գավաթի շրջագայության հովանավորն է «Կոկա Կոլա» ընկերությունը։