08/02/2018 12:52
Ադրբեջանում ընտրությունների արդյունքը միշտ կանխորոշված է. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանը այն երկիրը չէ, որի համար կարևոր են ընտրությունները, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Այնտեղ արդյունքը միշտ կանխորոշված է», - ասաց Շ.Քոչարյանը, անդրադառնալով Ադրբեջանում հայտարարված արտահերթ նախագահական ընտրություններին:
«Այնպես որ` ես, առաջին հերթին, ընտրությունների առաջ բերելը կկապեի իրենց ներկլանային հարաբերություններով, իհարկե, հաշվի առնելով արտաքին գործոնները», - նշեց նա:
Հարցին, թե ապրիլից հետո, երբ Հայաստանում և Ադրբեջանում ավարտվեն ընտրական գործընթացները, սպասվու՞մ է բանակցությունների ակտիվացում, փոխնախարարն արձագանքեց`«նայած թե բանակցություններ ասելով ինչ ենք հասկանում»:
«Եթե մենք խոսում ենք այն նպատակի մասին, որ լինի իրական առաջընթաց բանակցային գործընթացում, դա ենթադրում է, որ պետք է իրականացվեն այն միջոցառումները, որոնք դեռ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ են եղել, քանի որ բոլորի համար ակնհայտ է, որ առանց վստահության մթնոլորտի` առաջ շարժվելը գրեթե անհնարին է», - ասաց նա: