08/02/2018 21:07
Շաշկու ՀՀ համադպրոցական անդրանիկ թիմային օլիմպիադիայի մրցանակային տեղերը գրավել են «Ուսում» դպրոցի թիմերը
Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է ռուսական` 64 վանդականոց շաշկու ՀՀ համադպրոցական անդրանիկ թիմային օլիմպիադիան, որին այս անգամ մասնակցել են միայն Երևանի հանրակրթական 12 դպրոցների 15 ընտրանիներ:
Շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանի խոսքով, հաջորդ տարի արդեն կանցկացվեն նաև մարզային փուլեր ու շախմատի օրինակով արդեն տեղի կունենա շաշկու հանրապետական օլիմպիադա:
Օլիմպիադայում ներկայացված թիմերից յուրաքանչյուրում ընդգրված էր 4-ական շաշկիստ: Հիմնական փուլում շվեյցարական մրցակարգով 5 տուրերի հանդիպումներից հետո երեք թիմեր` «Ուսում-1»-ը, «Ուսում -2»-ը, «Ուսում-4»-ը մրցելույթն ավարտեցին հավասար` թիմային 4-կան միավորով: Այս թիմերի միջև շրջանաձև մրցակարգով ընթացած լրացուցիչ փուլում ի հայտ եկան ստուգատեսի մրցանակիրները:
Վճռորոշ եղավ եզրափակիչ տուրում «Ուսում -1-ի» և «Ուսում -2»-ի միջև կայացած հանդիպումը: Եթե նախնական փուլում 2,5:1,5 հաշվով հաղթել էր «Ուսում -1»-ն ,ապա լրացուցիչ փուլում նույն` 2,5 : 1,5 հաշվով հաջողությունն ուղեկցեց «Ուսում 2»-ին, որն էլ ի վերջո հռչակվեց օլիմպիադայի չեմպիոն: Այս թիմի կազմում ընդգրված էին Խաչատուր Հակոբյանը, Տիգրան Հակոբյանը, Եղիշե Նազարյանն ու Հայկ Ասատրյանը:
Գեորգի Աչոյան, Արտակ Սահրադյան, Հայկ Հակոբյան, Արսեն Քոսյան կազմով հանդես եկած «Ուսում-1»-ը դարձավ օլիմպիադայի արծաթե մեդալակիր:
Իսկ բրոնզե պարգևը բաժին հասավ «Ուսում-4»-ի պատվիրակներին:
Նկատենք, որ «Ուսում« հանրակրթական դպրոցում (տնօրեն Սուսաննա Թամարյան) առանձնահատուկ ուշադրություն է դարձվում շաշկու զարգացմանը:
«Ուսում»-ի մրցանակակիր դարձած բոլոր 3 թիմերի շաշկիստների մարզիչն է ՀՀ բազմակի չեմպիոն, սպորտի վարպետ Նշան Ալավերդյանը:
Մրցաշարում հաճելի տպավորություն թողեց ու դրվատանքի են արժանի նաև թիմային 3,5 և 3 միավորով համապատասխանախաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրած սպորտի վարպետ Դավիթ Պողոսյանի ղեկավարությամբ հանդես եկած Երևանի համար 60 և 53 դպրոցների թիմերը:
Ի դեպ, Դավիթ Պողոսյանի սաներից երկուսը՝ Վիկտորիա Իսախանյանը (53դպրոց) և Լևոն Հարությունյանը (34դպրոց) 100 տոկոսանոց արդյունք ցույց տվեցին 2-րդ և 4-րդ խաղատախտակների վրա:
Առանձին խաղատախտակների վրա հատկապես լավ խաղ ցուցադրեցին ու աչքի ընկան նաև Հրանտ Շտիկյանը (35 դպրոց, մարզիչ Աշոտ Մկրտումյան), Հովսեփ Սրապիոնյանը (191 դպրոց, մարզիչ Սամվել Մկրտչյան) և Ժակլին Աբաջյանը (135 դպրոց, մարզիչ Գագիկ Մարտիրոսյան):
Շաշկու ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը նշեց, որ ֆեդերացիայի օրացուցային պլանով նախատեսված մրցաշրջան -2018-ի առաջին միջոցառումը հաջողված էր, և իրենք քայլեր են ձեռնարկում ու ջանքեր են գործադրում՝ վերականգնելու խորհրդային տարիներին ունեցած հայկական շաշկու բարի ավանդույթներն ու նվաճումները: