08/02/2018 16:00
Եվգենի Գրադովիչի հետ հնարավոր մենամարտից հետո Վիկ Դարչինյանը կհեռանա մեծ սպորտից
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանում է գտնվում Ավստրալիայում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը: Aysor.am-ի հետ զրույցում բռնցքամարտիկը տեղեկացրեց՝ այս անգամ այցելությունը գործնական բնույթ չունի, հայրենիք նրան բերել է կարոտը:
«Մոտ 6 ամիս էր՝ Հայաստանում չէի եղել ու շատ էի կարոտել: Արդեն 4-5 օր է՝ այստեղ եմ: Հայրիկիս հետ եմ եկել: Միակ նպատակս հայրենիքս, բարեկամներիս ու ընկերներիս տեսնելն էր: Ներկա պահին էլ Ծաղկաձորի ճանապարհին եմ, մի քանի ժամ այնտեղ ընկերներիս հետ կանցկացնեմ: Չգիտեմ, թե այստեղ գտնվելու մյուս օրերիս որտեղ կլինեմ, բայց վստահ եմ՝ լավ ժամանակ եմ անցկացնելու: Այս տարվա հայաստանյան ձմեռն ինձ շատ է դուր գալիս, տպավորություն է՝ արդեն գարուն է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վ.Դարչինյանը:
Ավստրալիայում բնակվող ծնունդով վանաձորցի բռնցքամարտիկի կինն ու երեխաններն այս անգամ նրան չեն ուղեկցել: Նկատում է՝ Ավստրալիայում հիմա ամառ է, թող իրենք տաք տեղում մնան, հատկապես, որ ընդամենը 3 շաբաթով է եկել:
«Երկար ճանապարհ է, շուրջ 4 օր ճանապարհներին ես անցկացնում. 2 օր՝ գալիս, 2 օր էլ՝ գնալիս: Դա երեխաների համար դժվար կլինի: Ընտանիքիս, հավանաբար ամռանը՝ հուլիս, օգոստոս ամիսներին Հայաստան կբերեմ, որպեսզի մոտ երկու ամիս այստեղ հանգստանան», - նշեց նա:
Անդրադառնալով սպորտային կյանքին առնչվող նորություններին և ասպարեզին հրաժեշտ տալու որոշմանը՝ Վ Դարչինյանը խոստովանեց.
«Կարելի է ասել՝ բռնցքամարտիկի իմ կարիերան ավարտել էի 2017 թվականի սկզբին, սակայն ինձ հետ կապ հաստատեցին ռուս աշխարհի չեմպիոն Եվգենի Գրադովիչի թիմից՝ առաջարկելով մենամարտ կազմակերպել նրա հետ: Այն պետք է կայանար նախորդ սեպտեմբերին՝ Մոսկվայում: Մինչ այդ ես Ավստրալիայում այլ մենամարտ ունեցա ու հաղթեցի, որից հետո Գրադովիչի թիմին տեղեկացրեցի, որ պատրաստ եմ իր հետ մենամարտին: Բայց իմ մենամարտի տեսագրությունը նայելով ու հասկանալով, որ կարճ ժամկետում շատ լավ եմ պատրաստվել, հրաժարվեցին հանդիպումից՝ պատճառաբանելով, իբր, վնասվածք ունի: Իհարկե, ես չեմ հավատում վնասվածքի պատմությանը: Սակայն եթե առաջիկա ամիսների ընթացքում ցանկանան, պատրաստ եմ այդ մենամարտին, միայն թե ասել եմ՝ որոշելուց 3-4 ամիս առաջ տեղյակ կպահեք, որպեսզի պատրաստվեմ: Ավելի ուշ այլևս չեմ ուզում մեծ սպորտ վերադառնալ»: