08/02/2018 15:49
Կսահմանվեն արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների հավատարմագրման համար անհրաժեշտ չափորոշիչները
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի Հայաստանում արևելյան մարտարվեստների ազգային ֆեդերացիաների հավատարմագրման համար անհրաժեշտ չափորոշիչների սահմանմամբ:
Նախարարությունից հայտնում են, որ այս որոշումն այսօր ընդունվել է նախարարությունում արևելյան մարտարվեստների ազգային մի քանի ֆեդերացիաների նախաձեռնությամբ կայացած բաց քննարկման ժամանակ, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ:
Քննարկում-խորհրդակցութունը վարել է ՀՀ սպորտի և երիասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Նա շնորհակալություն է հայտնել հավատարմագրման անհրաժեշտության մասին բարձրաձայնած ֆեդերացիաների նախագահներին և նշել, որ ակնկալում է նրանց աջակցությունը նաև հավատարմագրման համար անհրաժեշտ չափորոշիչների սահմանմամբ զբաղվող աշխատանքային խմբի շրջանակներում:
«Ուրախ եմ, որ ձեր կողմից դրական արձագանքի է արժանացել մեր նախարարության դեռևս մի քանի տարի առաջվա նախաձեռնությունը: Վստահ եմ, որ հավատարմագրվելուց հետո շահեկան վիճակում են լինելու ոչ միայն մարզաձևերի ֆեդերացիաները, այլ որ ամենակարևորն է՝ մարզվողները: Կբացառվեն չհավատարմագրված, ոչ բավարար գիտելիքներով մարզիչների կողմից և անհասկանալի պայմաններում անցկացվող մարզումները», - ասել է Գ. Ղազարյանը:
Հանդիպմանը մասնակցող ֆեդերացիաների ներկայացուցիչները միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է սահմանել միասնական խաղի կանոններ բոլոր մարզաձևերի համար: Նրանց կարծիքով՝ ոլորտի իրավական կարգավորումը հնարավորություն կտա միայն մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող, մարզումների կազմակերպման համար անհրաժեշտ բազային գիտելիքներով մարզիչներին զբաղվելու մարզչական աշխատանքով, հակառակ դեպքում տվյալ մարզաձևը ներկայացնող ֆեդերացիայի գործունեությունը կլինի անօրինական՝ ենթադրելով համապատասխան պատժամիջոցներ: