09/02/2018 13:10
Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանատունը մուտքի արտոնագիր է տրամադրել ինձ, եթե խնդիր ունենայի, կմերժվեի. Դինա Ակոպովնա
Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան Slaq.am-ի հետ զրույցում պարզաբանում է ներկայացել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից տարածված մեղադրական եզրակացության վերաբերյալ, ըստ որի ինքն ու ևս երկու հայ մեղադրվում են ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված խարդախություններ կատարելու մեջ:
«Վերջին անգամ ԱՄՆ մուտք եմ գործել 2014 թվականի մայիսին՝ համերգային ծրագրով, որպես՝ մրցանակակիր: Տվյալ համերգային ծրագրի կազմակերպիչը նույն ինքը՝ Ստելլա Բոյաջյանն էր. համերգին մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից լավագույն մասնակիցներ, տասնյակ պարային խմբեր, երաժիշտներ և հայտնի կատարողներ՝ Սպիտակցի Հայկո, Եղիշե Գասպարյան, Անդի, Սուպեր Սաքո և այլք: Համերգի ավարտից անմիջապես հետո` մայիսի վերջին, վերադարձել եմ Հայաստան և դրանից հետո չեմ մեկնել ԱՄՆ, թեև ունեի մուտքի արտոնագիր», - ասել է Դինա Ակոպովնան:
Նա նշել է, որ իր հետ նույն գործով մեղադրվող Ստելլա Բոյաջյանի հետ ունեցել է միայն գործնական շփում.
«Եղել է այդ մեկ անգամը, այլ կերպ ասած՝ առաջին ու վերջին անգամը, որից հետո երբևէ նրա հետ անելիք չեմ ունեցել և ոչ էլ՝ շփման առիթ է եղել: 2014 թվականից հետո` 2 տարի անց, ինձ հրավիրեցին ԱԱԾ՝ հարցման, որտեղ իմ հիմնավորած խոսքից ու փաստարկներից հետո, առ այն, որ որևէ կապ չեմ ունեցել տվյալ տիկնոջ ու իր գործարքների հետ, այլևս ԱԱԾ չեն հրավիրել: Հետո տեղեկացա, որ բավական թվով մարդիկ, այդ թվում հայտնի արվեստագետներ Ստելլա Բոյաջյանի ուղարկած վիզայով մեկնել են ԱՄՆ ու չեն վերադարձել Հայաստան», - ասել է հաղոդրավարուհին` նշելով, որ օրերս ԱՄՆ դեսպանատան կողմից անարգել ստացել է մուտքի արտոնագիր:
«Եթե խնդիր ունենայի, ապա կմերժվեի», - ավելացրել է հաղորդավարուհին:
Զրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության կայքը տեղեկատվություն է տարածել, ըստ որի Դինա Ակոպովնան, Ստելլա Բոյաջյանն ու Հրաչյա Աթոյանը կատարել են խարդախություններ, որոնց միջոցով ՀՀ քաղաքացիներին օգնել են ներգաղթել Միացյալ Նահանգներ: