09/02/2018 15:19
Ի պատիվ մայրիկիս՝ աղջկաս տվել ենք նրա անունը. ծնվել է երգիչ Արթուր Հակոբյանի՝ Միստր X-ի առաջնեկը
Փետրվարի 5-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել երգիչ Արթուր Հակոբյանի (Միստր X) և երգահան, հաղորդավար Սվետլանա Բոսնոյանի առաջնեկը: 3 կգ 150 գ քաշ ունեցող դստրիկին ծնողները տվել են Իզաբել անունը՝ ի պատիվ Արթուրի մայրիկի: Aysor.am-ի հետ զրույցում նորաթուխ հայրիկը ժպիտով նկատեց՝ դստրիկն ավելի շատ նման է գեղեցկուհի մայրիկին, երկուսն էլ հիմա տանն են գտնվում ու իրենց շատ լավ են զգում:
«Մայրս մեզ հետ է ապրում ու երեխային խնամելու հարցում օգնում է մեզ: Բայց ասեմ, որ մեր մյուս հարազատներն էլ մեզ մենակ չեն թողնում, անընդհատ մեր կողքին են», - մանրամասնեց երգիչը:
Սովորաբար, հայրիկները կարևորում են, որ իրենց առաջնեկը տղա լինի: Հարցին՝ արդյոք նման սպասումներ ինքը ևս ուներ, Ա. Հակոբյանը խոստովանեց.
«Իրականում՝ այո, սպասում էի, որ առաջնեկը տղա կլինի: Բայց աղջիկն ինձ ավելի է ուրախացրել, ու հիմա նույնիսկ դժվարանում եմ նկարագրել զգացողություններս: Աննկարագրելի է այն, ինչ ապրում եմ այս օրերին»:
Դիտարկմանը՝ բոլոր երգիչ ծնողների պես պատրաստվո՞ւմ է իր փոքրիկին նվիրված երգ պատրաստել՝ պատասխանեց, որ դեռ չի գրել, բայց նման երգ անպայման լինելու է: Ի դեպ, ավանդույթներից մեկը Արթուր Հակոբյանը ևս պահպանել է՝ գեղեցիկ անակնկալով է դիմավորել ծննդատնից տուն գնացող կնոջն ու իրենց ընտանիքի նոր անդամին՝ Իզաբելին:
«Սվետլանայի համար անակնկալ էր, երբ ծննդատնից դուրս գալուց տեսավ իրեն ու մեր բալիկին սպասող շքեղ «Rolls Royce» լիմուզինը: Հուզվել էր: Իսկ նվերներն ու գեղեցիկ անակնկալները շատ-շատ են ու դեռ շարունակվում են: Չէ՞ որ նա ինձ իմ կյանքի ամենագեղեցիկ նվերն է մատուցել», - ժպիտով ու հուզմունքով ընդգծեց մեր զրուցակիցը:
Փոքրիկի մկրտության մասին ծնողները դեռ չեն մտածում, բայց հայրիկը ցանկություն ունի այն Հայաստանում իրականացնել:
«Դեռ չենք մտածում մկրտության մասին, բայց շատ կուզեի, որ աղջիկս մկրտվեր Հայաստանում՝ Սուրբ Էջմիածնում, որտեղ մկրտվել են և՛ իր հայրիկը, և՛ պապիկը: Գիտեք, Հայաստանը շատ-շատ եմ կարոտել, 5 տարուց ավելի չեմ եղել այդտեղ: Ու չգիտեմ էլ՝ երբ կգամ, այն էլ ամբողջ ընտանիքով», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արթուր Հակոբյանը: