09/02/2018 19:22
Հայր ու որդի հարաբերությունները մի քիչ այլ կլինեն. դերասան Իշխան Ղարիբյանը որդի է ունեցել
Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան Իշխան Ղարիբյանի և Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանի ընտանիքում փետրվարի 8-ին կրկին լսվեց մանկան ճիչը: Հանրապետական հիվանդանոցում լույս աշխարհ եկավ դերասանների որդին՝ 3 կգ 700 գրամ քաշով ու 54 սմ հասակով Վահեն:
«Տղայիս իմ հայրիկի անունն եմ տվել: Երեք զավակներիս դեպքում էլ անվան հետ կապված որոշումը միաձայն անցել է, չի քննարկվել ու խնդիրներ չի առաջացել: Ասեմ, որ կնոջս ու որդուս արդեն տեսել եմ, Փառք Աստծո՝ երկուսն էլ իրենց հրաշալի են զգում: Հավանաբար, կիրակի օրը նրանց տուն կտանեմ», - Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Իշխան Ղարիբյանը:
Երկու դուստրերից հետո որդի ունենալու հանգամանքը դերասանի զգացմունքային դաշտում դեռևս ոչինչ չի փոխել: Նկատում է՝ երեք զավակների դեպքում էլ նույն հուզմունքն ու ոգևորությունն է ապրել: Երեկ իրենց տանը ընկերներով են նշել, այսօր՝ թատրոնում, տուն բերելուց հետո էլ մեծ ու պաշտոնական հավաքույթ կանեն:
«Տղաս ընդամենը մեկ օրական է, տարբերություն դեռևս չեմ զգում: Ինձ համար երբեք առանձնակի տարբերություն չի եղել, աղջիկ, թե տղա՝ երեխան երեխա է: Պարզապես, երևի պատասխանատվության զգացողությունը քիչ-քիչ ավելի կմեծանա, հայր ու որդի հարաբերությունները մի քիչ այլ կլինեն», - ընդգծեց նա:
Ի դեպ, երեկ հիվանդանոցի բակում հարազատների հետ փոքրիկ Վահեի ծնունդին էին սպասում նաև Իշխան Ղարիբյանի և Թեհմինե Խաչատրյանի ընկերներն ու գործընկերները՝ Սամվել Դանիելյանը, Նարա Թումասյանը, Անաիդա Գաբրիելյանը և այլք:
Դերասանի ավագ դուստրը՝ 12 ամյա Վիոլան, բնակվում է մայրիկի՝ դերասանուհի Անի Բայաթյանի հետ: Հարցին՝ արդյոք իր և Թեհմինեի դուստրը՝ 6 ամյա Աիդան, եղբոր նկատմամբ մանկական խանդ չի դրսևորում, դերասանը նշեց.
«Բացարձակապես խանդ չկա, ավելին, ինձ թվում է՝ ամենաշատը Աիդան է ուրախացել, որ մեր ընտանիքում նոր մարդ է ավելացել: Վիոլան էլ մեզ մոտ հաճախ է լինում, ու իրեն էլ ուրախացրել է եղբայր ունենալու հանգամանքը: Աղջիկներս դեռ իրենց եղբորը չեն տեսել, կարծում եմ՝ կհանդիպեն տանը»:
Նորածնին օգնելու հարցում Թեհմինեին կօգնի Իշխանի մայրիկը, ում համար թոռնիկներին պահելը ամենահաճելի զբաղմունքն է:
«Աիդայի ծնվելուց հետո կինս շուտ վերադարձավ թատրոն, ու մայրս միշտ մեր կողքին էր այդ հարցում: Վստահ եմ, որ Վահեի դեպքում էլ այդպես է լինելու», - հավատացրեց նորաթուխ հայրիկը:
Ղարիբյանների ընտանիքը սնահավատություններ չունի ու փոքրիկի համար նախապես է գնումներ կատարել: Դիտարկմանը՝ փոքրիկ Վահեի առանձնասենյակում ավանդական կապո՞ւյտն է գերակշռում, թե՞ այդ հարցում էլ խուսափել են «շաբլոնից», նկատեց.
«Մենք նման բաներին բացարձակ չենք հետևում, հավատացեք՝ կապույտը մեր տղայի սենյակում չի գերակշռում: Ոչ մի ավելորդություն չենք արել»: