10/02/2018 12:47
Էրդողանի այցը Վատիկան. թուրքական գնահատականների ամփոփում
Փետրվարի 4-5-ին Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը Հռոմի Պապ Ֆրանսցիսկոսի հրավերով պաշտոնական այց կատարեց Վատիկան, որտեղ հանդիպում ունեցավ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի հետ։
Մինչ թուրքական իշխանական մի շարք լրատվամիջոցներ շեշտադրում էին նախագահ Էրդողանի այցի պատմականությունն ու անգամ որոշ դեպքերում Պապի հետ հանդիպումը որակում որպես «քաղաքական բեռ», որի հնարավոր և անհնար բոլոր հետևանքները հաշվի առնելով՝ Թուրքիայի 3-րդ նախագահ Ջելալ Բայարից հետո 59 տարի անց միայն Թայիփ էրդողանը համարձակվեց գնալ այդ քայլին՝ շնորհիվ քաղաքական գործչին բնորոշ իր ինքնավստահության, որոշ ընդդիմադիր շրջանկաներ սկսեցին ակտիվորեն շահարկել վերջինիս՝ որպես «իսլամական աշխարհի առաջնորդ» ներկայանալու ձգտումներն ու այդ համատեքստում արված ոչ համապատասխան քայլերը։
Մամուլում սկսեց շրջանառվել նախագահ Էրդողանի կողմից ոչ վաղ անցյալում արված հայտարարությունները, որտեղ վերջինս Պապին որակում է իբրև «Խաչակիրների դաշինքի առաջնորդ» և նրան մեղադրում Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցում խոչընդոտներ ստեղծելու մեջ։
«Karar» լրատվամիջոցի սյունակագիր Յըլդըրայ Օղուրը, «Խաչակիրների դաշինքի վերջը» վերտառությամբ հոդվածում մեջբերելով Էրդողանի պատմական այցը լուսաբանող պարբերականների՝ «Խաչակիրների դաշինք», «Նոր Թուրքիայի դեմ Նոր Խաչակիրներ», «Կիսալուսնի և Խաչի Պայքար» խորագրերով հրապարակումներն, ընդգծում է․ «Հանուն Երուսաղեմի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ մեր դաշնակիցը դարձած Պապն արդյո՞ք այն նույն Պապն է, որին թերթերում հաճախ անվանում էին «Խաչակիրների դաշինքի ատաջնորդ»։ «Թուրքիայի հզորացմանը խոչընդոտող խաչակիրները» երևի այս Պապի հետ կապ չեն ունեցել։ Գուցե նրանք Վատիկան սողոսկած ծպտյալ խաչակիրներ են»։
Ըստ հեղինակի՝ Թուրքիան արդեն պետք է հրաժարվի հավատ չներշնչող երեսպաշտությունից և թշնամական արտահայտություններից․ «արդյո՞ք ժամանակը չէ, որ Թուրքիան հրաժարվի առանց այն էլ կիսով չափ աթեիստ Եվրոպան որպես խաչակիների դավադիր միություն դիտարկել և ԵՄ-ն որակել «խաչակիրների» կամ «քիրստոնյաների» միություն՝ այդպիսով վիրավորել իր իսկ քրիստոնյա քաղաքացիների կրոնական պատկանելությունը: Կարծես թե այս Պապի օրոք դեռ խաչակրաց արշավանքի վտանգ չի նշմարվում»:
Սյունակագիրների ուշադրությունից չի վրիպել նաև Էրդողանի՝ «Դուք էլ մեզ համար աղոթեք» արտահայտությունը, ինչն առիթ է հանդիսացել Էրդողանին նեղը գցել իր իսկ զենքով՝ օգտագործելով իսլամի և օսմանյան ժառանգորդ լինելու գործոնը։ «Aydinlik» պարբերականի սյունակագիր Ռըզա Զելյութը՝ «Կօգնի արդյո՞ք Պապի աղոթքը Էրդողանին» վերնագրով հրապարակման մեջ նկատում է, որ եթե սուննի իսլամի վերաբերյալ Պապի խոսքերը որևէ մեկն ասեր անցյալում, ապա իսլամական աշխարհում նրան չէին ների և դեռ ավելին Օսմանյան շրջանում մահվան կդատապարտեին։ «Նման խոսքեր արտահայտող մեկի աղոթքն իսլամական աշխարհի համար անընդունելի է։ Իսլամական աշխարհի առաջնորդի կերպար ընդունած Էրդողանն ինչո՞ւ խնդրեց, որ Պապ Ֆրանցիսկոսն աղոթի իր համար։ Մի քիչ ամո՞թ չէ»։
Այս համատեքստում Պապի կերպարն ավելի ոխերիմ ու հակասական դարձնելու համար առաջ է քաշվում հայկական գործոնն ու ցեղասպան անվանված թուրք հասարակության վրա ազդելու զգայական միտումները, ինչն անգամ հասցվել է արտահայտվել չափածո ոճի սատիրիկ գրությունների տեսքով՝
ERMENİ SOY KIRIMI
VARDIR DİYEN BİR PAPA
TÜRKİYE’YE GERÇEKTEN
DOST OLUR MU ACABA.
(Մի Պապ, որն ասել է, թե հայերի ցեղասպանություն է եղել, կլինի արդյո՞ք ընկեր Թուրքիային):
«Aydınlık» պարբերականի մեկ այլ սյունակագիր Սաբահաթին Օնքիբարն ընգծում է. «Պարոն Թայիփ, եթե Պապը խաչակիրների գլխավոր հրամանատարն է, ապա ինչո՞ւ ես նրա մոտ գնում և խնդրում, որ աղոթի քեզ համար: Մեկը, ով ասում է՝ «թուրքերը ցեղասպանություն են գործել», և թուրքերի կատաղի թշնամին է, ում պատճառով հենց դու հետ կանչեցիր Վատիկանի մեր դեսպանին։ Եթե որևէ ընդդիմադիր գործիչ նման բան աներ, ապա ԱԶԿ-ն և իսլամիստներն ամբողջ երկիրը ոտքի կհանեին»:
Թուրքիայի ընդդիմադիր քաղաքական գործիչների շրջանում ևս այս թեման նոր երանգներ է ստանում։ Ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության գլխավոր քարտուղար Այթուն Չըրայը, խստորեն քննադատելով ԹՀ նախագահ Ռ․ Թ․ Էրդողանի՝ Վատիկան կատարած այցն ու Հռոմի Պապի հետ ունեցած հանդիպումը, նկատել է, որ թուրքական մամուլն այցի «պատմականությունն» ընգծելու համար առաջ է քաշել այն փաստը, որ նախագահի մակարդակով այց վերջին անգամ եղել է 1959թ․, երբ Թուրքիայի 3-րդ նախագահ Ջելալ Բայարն այցելել է Վատիկան։ Սակայն Բայարի այցը նա որակում է քաղաքավարությունից դրդված մի քայլ, որին նա գնացել է Իտալիա այցի շրջանակներում։
Ա․Չըրայի պնդմամբ՝ Վատիկանը Թուրքիայի համար մշտապես դիտարկվել է որպես պետություն և Հռոմի Պապի հոգևոր աստիճանը երբեք չի եղել առաջնային պլանում, սակայն նախագահ Էրդողանը Պապին դիտարկվում է ոչ թե որպես պետության ղեկավար, այլ՝ «Հոգևոր Առաջնորդ»։
Թուրք քաղաքական գործիչը մասնավորապես ընդգծել է, որ իրեն ողջ մուսուլմանների առաջնորդի կերպարը վերագրող Էրդողանը հույս է հայտնել, որ Պապը կաջակցի իր քաղաքականությանը, սակայն Վատիկանի և Պապի՝ Թուրքիայի հանդեպ որդեգրած դիրքորոշումը, շատ պարզ է։ «Պապը ծագումով Թուրքիայի թշնամի հանդիսացող Հայկական սփյուռքի ազդեցության տակ գտնվող Արգենտինայից է և դեռևս արքեպիսկոպոս լինելով՝ ճանաչել և քննադատել է «Հայոց ցեղասպանությունը»։ 2015թ․ «Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցին տեղի ունեցած դեպքերը որակել է որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» և նույնը կրկնել է 2016թ․ Հայաստան այցի ընթացքում»։
Արտահայտելով իր անթաքույց վրդովմունքը՝ Ա․ Չըրայը հարցադրում է անում՝ «նման մեկին ինչպե՞ս կարող ենք ընդունել և նրա ձեռքը սեղմել։ Պապին հիշեցնելով «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ հայտարարությունները՝ երբևէ, թեկուզ կատակով, ասե՞լ եք «հետ վերցրեք դրանք, եթե շատ պնդեք՝ Վատիկանի դեմ Ջիհադ կհայտարարենք»։
Թեմայի վերաբերյալ, թերևս, ամենաբնորոշ վերնագրով հրապարակումը եղավ «Cumhuriyet» լրատվական կայքում, որը հղում կտարելով իտալական մամուլին գրել է. «Էրդողանը Հռոմ եկավ ինչպես մի սուլթան»։ Լրատվամիջոցն ընդգծել է, որ Էրդողանի՝ Վատիկան այցի իրական նպատակը «թուրք հասարակության մոտ աշխարհի առաջնորդի» կերպարի վերհանման և ամրապնդման միտումն էր, որի հարցում անգամ միջազգային մամուլն է համակարծիք։